Քաղաքականություն

Հայաստանի նախագահը կոչ է անում երիտասարդներին չայրել Հունգարիայի դրոշը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահը կոչ է անում երիտասարդներին չայրել Հունգարիայի դրոշը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել հասարակությանն ու հատկապես երիտասարդներին չայրել Հունգարիայի դրոշը: «Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության դրոշը չէ, Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ: Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ: Բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել, և մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ՀՀ Նախագահը լրատվամիջոցներին տված ճեպազրույցում:

Նա նշել է, որ դա իր խնդրանքն է հայ հանրությանը, երիտասարդներին: «Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակման առնչությամբ Հայաստանի արձագանքին, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: «Այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվելու է կատարված աշխատանքների մասին»,-նշել է ՀՀ Նախագահը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում