Ինքնաբացարկ է հայտնել Սեւանի գործող քաղաքապետը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 օգոստոսի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքում Տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուների գրանցումից հետո ինքնաբացարկ է հայտնել համայնքի ղեկավարի մեկ թեկնածու՝ Նորաշեն համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական Թաթուլ Բարսեղյանը: Թիվ 22 ԸԸՀ նախագահ Ալբերտ Աղեկյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ առաջադրվելուց հետո թիվ 22 ընտրատարածքում ինքնաբացարկ են հայտնել եւս 3 թեկնածուներ՝ Գավառի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածու,ՀՅԴ անդամ Տիգրան Հակոբյանը, Ծաղկաշենի համայնքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Արամայիս Ներսիսյանը եւ Հայրավանքի համայնքապետի թեկնածու, անկուսակցական Վաչագան Հայրապետյանը:
Ըստ թիվ 23 ԸԸՀ նախագահի՝ ինքնաբացարկ են հայտնել Սեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 10 թեկնածուներից 3-ը՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գեւորգ Մալխասյանը, անկուսակցական Նուշերվան Միքայելյանը, անկուսակցական Վիգեն Քոչարյանը:
Նույն ընտրատարածքում ինքնաբացարկ է հայտնել Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված ՀՅԴ անդամ Կամո Պետրոսյանը, Կուտականի համայնքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Հովիկ Սիմոնյանը:
Թիվ 24 ընտրատարածքում ինքնաբացարկ է հայտնել 5 թեկնածու` Լուսակունքի համայնքապետի թեկնածու, անկուսակցական Արայիկ Հոխանյանը, Մարտունու քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Վարդան Բաղդասարյանը, Վաղաշենի համայնքապետի թեկնածու, անկուսակցական Ներսիկ Հայրապետյանը, Վարդենիկի համայնքապետի թեկնածու, անկուսակցական Վրաստան Առաքելյանը եւ Վերին Գետաշենի համայնքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Միշա Բաղդասարյանը: