Մարզային

Շիրակը պատրաստվում է հոլանդական նոր երինջներ ներկրել

1 րոպեի ընթերցում

Շիրակը պատրաստվում է հոլանդական նոր երինջներ ներկրել

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդիայից ներկրված երինջները հարմարվում են Շիրակի պայմաններին: Երինջների ներկրումն իրականացվում է պետական ծրագրով՝ սկսած 2010 թվականից: Այս տարի մարզում կա երկու տնտեսություն, որտեղ պահում են ներկրած անասուններին՝ 6 գլուխ Հացիկում եւ 14-ը Ազատանում: Նրանք մսուրում պահվող եւ բավական մեծ խնամք պահանջող կենդանիներ են: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, երինջները հարմարվել են պայմաններին, նրանց վիճակը բավականին լավ է: Ծրագրի արդյունավետությունը տեսանելի կլինի ավելի ուշ՝ աշնանը, կամ նույնիսկ հաջորդ գարուն, երբ երինջներն արդեն նոր սերունդ կտան: Այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել նաեւ կաթի ծավալների մասին:

«Եթե համեմատում ենք մեր կովկասյան գորշ տեսակի հետ, որը կիսալեռնային պահվածքի անասուն է, Հոլանդիայից ներկրված երինջները միայն մսուրային պահվածքի են` կերի մեծ ծավալներով: Մինչ արդյունքների տեսանելի լինելը մարզը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացրել նոր երինջներ ներկրելու 98 նոր հայտ: Ներկրվելու դեպքում դրանք կտրամադրվեն միայն այն տնտեսություններին, որոնք ունեն համապատասխան պայմաններ»,- նշեց Մանուկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում