Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Սյունիքում ուրանի հանքավայրի շահագործման մասին խոսելն անհիմն է համարում
17:19, 22 Փետրվար, 2012ԿԱՊԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում գործող «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարից փետրվարի 21-ին ստացել է հունվարի 25-ին հրապարակված ՀՀ նախագահին ուղղված 9 ՀԿ-ների բաց նամակի պատասխանը, որում մտահոգություն էր հայտնվում Կապանի տարածաշրջանի Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման վերաբերյալ: Նամակում մասնավորապես գրված է, որ. «Ուրանի հանքի շահագործումը կստիպի սոցիալական ծանր վիճակում գտնվող սյունեցուն անելանելիությունից դրդված լքել սեփական բնօրրանը եւ փնտրել իր հարազատների ու սերունդների համար առավել ապահով միջավայր»: Պատասխան նամակում ասվում է. «Հայ–ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքները համապատասխանում են երկրաբանական ուսումնասիրությունների դասական չափանիշներին, իսկ դաշտային աշխատանքներն իրականացվում են այնպիսի սարքավորումներով եւ մեթոդներով, որոնք կիրառվում են նաեւ Ռուսաստանում, ԱՍՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ այլ զարգացած երկրներում։ 2010-2011թթ. ընթացքում կատարված երկրաբանաորոնողական եւ լաբորատոր աշխատանքների տվյալներով՝ ուրանի հանքավայրի առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի մոտ տարածքներում չի հավաստվել եւ չեն հաստատվել ուրանի հանքաքարի պաշարներ։ Այսինքն` «հանքավայր» որպես այդպիսին, գոյություն չունի, հետեւաբար դրա շահագործման մասին խոսելն անհիմն է: Միաժամանակ կցանկանայի հիշեցնել, որ հաշվի անելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները՝ գերադասելի է ՀՀ տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր եւ հաստատել դրանց պաշարները՝ որպես ռազմավարական նշանակության հումք»։ «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք պատասխան ակնկալում էին որ թե ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, այլ ՀՀ նախագահից եւ առաջիկայում ԶԼՄ-ներով կհայտարարեն իրենց անելիքների մասին:
Դիտվել է 149 անգամ

Ֆոտոհոսք
RSS
