Լոռու մարզում բանվորական աշխատուժի կարիք է զգացվում
2 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում, որքան էլ որ զարմանալի է, բանվորական աշխատուժի պակաս է զգացվում: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ Լոռու մարզպետարանում այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում «Ինթերնեյշնլ Դեվելոփմենթ ընդ քոնսթրաքշն» ՓԲԸ-ի տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանը հայտնեց, որ «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրի» շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ են մոտ 1000 որակյալ շինարար-բանվորներ` որմնադիր, ծեփագործ, հյուսն, ներկարար, բետոնագործ վարպետներ: Կազմակերպությունը 2, 3, 4 սենյականոց տների շինարարության համար վճարում է 13 հազար դրամ` մետր քառակուսու համար: Ամսական, ընկերության տնօրենի խոսքերով, աշխատավարձը տատանվում է 150-250 հազար դրամի սահմաններում: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, բնակարանաշինական ծրագրում ընդգրկված համայնքների համայնքապետերի հարցերին ու մտահոգություններին ի պատասխան Հովհաննիսյանը նշեց, որ աշխատավարձերը վճարվել եւ վճարվելու են յուրաքանչյուր ամիս, ընկերությունը ֆինանսական որեւէ խնդիր չունի, իսկ ձմեռային ամիսներին կուտակել է անհրաժեշտ շինանյութերը եւ դրանց մատակարարման հետ կապված խնդիրներ եւս չեն նախատեսվում:
Ըստ Լոռու մարզպետի, չնայած այն բանին, որ բոլորի գիտակցության մեջ նստած է «աշխատանք չկա» արտահայտությունը, վերջերս իրեն հայտնի է դարձել, որ մարզում նաեւ 300 պայմանագրային զինծառայողի թափուր տեղ կա, որոնք այդպես էլ դեռ չեն լրացվում: