Սկսվել են Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մաքրման աշխատանքները Սելիմի լեռնանցքում
15:00, 21 Փետրվար, 2012ԳԱՎԱՌ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարին տեղացած առատ ձյունն ու չընդհատվող ուժեղ ձնաբքերը գրեթե միշտ փակ վիճակում են պահել Սելիմի լեռնանցքը` ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհին ստեղծելով բարդ ու անհաղթահարելի իրավիճակ: Սակայն վերջին մի քանի օրերին, եղանակային պայմանների հարաբերական կայունությանը զուգընթաց, ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխատակիցները սկսեցին Սելիմի լեռնանցքի բացման ոչ այնքան դյուրին աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ի`Գեղարքունիքի թղթակցին աշխատանքների վայրում տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ աշխատակից Լյովա Հարեյանը, մշտապես փչող քամիները թույլ չեն տվել, որ ձնից մաքրվի Մարտունի-Գետափ ճանապարհի մոտ 20 կիլոմետրանոց հատվածը: Սաստիկ ձնաբքերի հետեւանքով ճանապարհի առանձին հատվածներում կուտակված ձյան շերտի բարձրությունը հասնում է մինչև 2 մետրի: Մարտունի քաղաքից մինչև Սելիմի քարավանատուն` ձյան ծածկույթի տակ գտնվող մոտ 18 կմ երկարությամբ ճանապարհի վրա աշխատում է 4 միավոր տեխնիկա: Մեխանիզատորներն աշխատանքի հետ կապված որեւէ խնդիր, բացի վերսկսվող ձնաբքերի վտանգից, չեն տեսնում:
Իսկ ընկերության ինժեներ Ռուբիկ Մնացականյանի հավաստմամբ` Սելիմի լեռնանցքում շուրջօրյա հերթապահություն է սահմանվում: Արդեն հինգերորդ օրն է` չեն դադարում մաքրման աշխատանքները, որոնք կավարտվեն փետրվարի 21-ի երեկոյան, իսկ ճանապարհը հիմնականում երթեւեկելի կդառնա փետրվարի 22-ից:
Իսկ թե որքան կպահպանվի այս վիճակը` կախված է միայն եղանակի քմահաճույքներից, քանզի Սելիմում երբեմն ձնաբքեր են լինում նույնիսկ ապրիլ ամսին: Նույն կազմակերպության ջանքերով վերջին օրերին ապահովվել է երթեւեկությունը Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհին:
Դիտվել է 104 անգամ

Ֆոտոհոսք
RSS
