Բացվել են Վերին Գետաշեն-Մադինա, Վարդենիս-Այրք ճանապարհները
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ մեկ շաբաթ ձնաբքերի կապանքներում փակված Վերին Գետաշեն-Մադինա եւ Վարդենիս-Այրք ավտոճանապարհները բացվել են այս գիշերվա ընթացքում՝ դառնալով երթեւեկելի: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանը, մոտ երկու կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի երկու կողմերում ձյան շերտը կազմում է 3-4 մետր: Ձյան նման կուտակումներն են հանդիսացել գլխավոր արգելքը, որ սպասարկողները հարկադրված են եղել ճանապարհի բացման վրա ծախսել մի քանի օր: Ախպրաձորի գյուղապետ Լավրենտ Ղազարյանի տեղեկացմամբ՝ ավելի քան հինգ օր էլ ձնաբքերի կապանքներում է հայտնվել բարձրլեռնային իրենց գյուղը՝ արտաքին աշխարհի հետ լրիվ փակ մնալով, եւ միայն փետրվարի 15-ի կեսօրին են սպասարկողները սկսել ճանապարհի մաքրման աշխատանքները ձյան հսկայական կույտերից: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այս գիշերվա ընթացքում սպասարկողներին մեծ դժվարությամբ հաջողվել է բացել Վարդենիս-Այրք ավտոճանապարհը, որը դարձյալ մի քանի օր գտնվել է անանցանելի եւ փակ վիճակում: Սելիմի լեռնանցքի մաքրումը ձյան կույտերից ու շերտերից սկսվելու է փետրվարի 16-ի առավոտվանից: Իսկ Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ արդեն Սեւանա լիճը գրեթե ամբողջովին հայտնվել է սառցե կապանքներում: