ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթում հայտ ներկայացրած երկրների շարքում է նաեւ Հայաստանը` համաձայն մրցույթի պաշտոնական կայքի` հունվարի 17-ին հրապարակած ցուցակի: Թե ո՞վ կներկայացնի մեր երկիրը մրցույթում, ինչ ձեւաչափով նա կընտրվի եւ այլ մանրամասներ հայտնի կդառնան շուտով:
«Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս մենք ներկայացրել ենք մրցույթում մասնակցության հայտ, մնացած բոլոր մանրամասները կհրապարակվեն շուտով` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հատուկ հայտարարությամբ»,- «Արմենպրես»-ի թղթակցին ասաց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Նրա խոսքով` ներկա ժամանակահատվածում մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի վերաբերյալ որեւէ կանխատեսումներ անելը սխալ է:
Միջազգային հեռուստատեսային երգի 57-րդ մրցույթը կանցկացվի մայիսի 22-26-ը: Մրցույթում մասնակցության հայտ է ներկայացրել 43 երկիր: