Հասարակական

Տիգրան Սարգսյանը` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ

3 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանը` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր կայացավ նիստ, որի ժամանակ ընտրվեց համալսարանի խորհրդի նախագահը: Նիստը վարում էր Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Այսօր շատ կարեւոր եւ հիշարժան օր է, քանի որ օրերս, վարչապետի որոշմամբ, ձեւավորվել են բուհերի խորհուրդների կազմերը, եւ այս համալսարանում անդրանիկ ընտրություններն են ընթանում»,-ասաց ԿԳ նախարարը: Տեղում հնչած առաջարկությունների հիման վրա` կազմավորվեցին երեք հոգանոց ընտրական հանձնաժողովներ, եւ որպես ընտրվելիք պաշտոնի թեկնածուների` հավաքվածներն առաջադրեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին: Բաց քվեարկությամբ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասրանի խորհուրդի նախագահ ընտրվեց Տիգրան Սարգսյանը:

«Կարծում եմ, որ մանկավարժական համալսարանի առաքելությունն այսօր կարիք ունի էլ ավելի արժեւորվելու»,- ասաց վարչապետը` ավելացնելով, որ ինքը հենց այդ հանգամանքով է պայմանավորում քաղաքական թիմի կողմից հարցի քննարկումը եւ այդ քաղաքականության մեջ հանրային որոշակի փոփոխությունների անհրաժեշտության հանգելու փաստը:

«Ընտրություններում երկրի վարչապետի թեկնածությունն առաջադրելն արդեն ասում է, որ պետությունն ուզում է ուշադրության կենտրոնում պահել այս համալսարանը»,- նշեց Տ. Սարգսյանը` հենց մանկավարժական համալսարանի ընտության փաստը պայմանավորվելով կրթական համակարգում իրականանալիք բարեփոխումների շարքում պետության կողմից մասնավորապես մանկավարժությունն առավել կարեւորելու հանգամանքով: Վարչապետի խոսքով` բարեփոխումների առանցքը պետք է լինի նոր հասարակության ստեղծումը` հիմնված գիտելիքների վրա:

«Տնտեսական, քաղաքական բարեփոխումները սկսենք կրթական համակարգից, որովհետեւ ինչպիսին լինի երկրի կրթական համակարգը, այնպիսին կլինի երկրի ապագան»,- ասաց Տ. Սարգսյանը` ավելացնելով, որ արմատական փոփոխությունների տեսանկյունից է պետք կարեւորել այս համալսարանի գործունեությունը:

Վարչապետն իր խոսքում նշեց նաեւ, որ առաջնահերթ խնդիր կդրվի Խ. Աբովյանի անվան պետական մանակավարժական համալսարանում կրթության որակի բարելավումը եւ այն միջազգային բարձր մակարդակի հասցնելը: «Ես հավաստիացնում եմ ձեզ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի այս առաքելությունը կատարելու եւ համալսարանի համբավը բարձրացնելու ուղղությամբ: Մենք ի վիճակի ենք առկա խնդիրները լուծելու»,-ասաց Տ. Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում