ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սուսաննա Պետրոսյան):
Այսօր ստեղծվեց հայ-գերմանական հոգեւոր, կրթական, գիտական եւ
մշակութային համագործակցության հոգաբարձուների խորհուրդ, որի
կազմում են պետական, մասնավոր եւ կրոնական կազմակերպությունների,
այդ թվում նաեւ Գերմանիայի Դոյչե բանկի եւ Հայաստանի կենտրոնական
բանկի ներկայացուցիչներ: Խորհուրդը ղեկավարելու է ԿԲ նախագահ Տիգրան
Սարգսյանը: Հայ-գերմանական հոգեւոր, կրթական, գիտական եւ
մշակութային այս համագործակցությունը հիմնվել է Գերմանիայում, ՄԱԿ-ի
կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (UNESCO)
շրջանակներում, 2002 թվականի հունիսին ՀՀ կենտրոնական բանկի եւ նրա
գործընկեր գերմանական առաջատար բանկերի նախաձեռնությամբ եւ
անմիջական մասնակցությամբ:
Այսօր նաեւ բարեկամության եւ համագործակցության պայմանագիր
ստորագրվեց Գերմանիայի Լորշ եւ Հայաստանի Գեղարդ վանքերի միջեւ:
Միջնադարում Լորշ վանքը, լինելով Կենտրոնական Եվրոպայի
ազդեցիկ եւ հարուստ վանքերից մեկը, եղել է նաեւ մշակութային եւ
կրոնական կյանքի կարեւոր կենտրոն: 1991 թվականից Լորշը գրանցված է
համաշխարհային մշակույթի գանձերի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում: 2001-ին նույն
պատվին է արժանացել Գեղարդը՝ հռչակվելով եւ ճանաչվելով անտիկ
ճարտարապետության յուրօրինակ կոթող:
Լորշ վանքի թանգարանի տնօրեն Հերման Շեýերսի խոսքերով, այս
նախագծի հիմնական նպատակներից մեկը համաշխարհային ժառանգության
կենտրոնների միջեւ համագործակցության խթանումն է: Նա նշեց, որ այս
համագործակցության գաղափարին ծնունդ են տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝
համաշխարհային ժառանգության մասին 1972 թվականի պայմանագիրը եւ դրա
հետ կապված երկկողմ համաձայնագիրը: Այս ծրագիրն ընդգրկում է
երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ասպարեզներ՝ հուշարձանների
պահպանություն, հնագիտություն, պատմություն, քրիստոնեական եւ
վանական անցյալ եւ այլն:
Շնորհավորանքի խոսք ասացին «Վարբուրգե բանկի ներկայացուցիչ
Էրնստ-Լյուդվիգ Դրայսը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Վուլý
Բարթելսը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ սրբազանը,
հոգաբարձուների խորհրդի այլ ներկայացուցիչներ: