Հասարակական

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան

3 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Համաշխարհային բանկի ավագ գործադիր տնօրեն Աքսել վան Տրոցենբուրգի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-ին այցելել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ ծանոթանալու ուսումնական հաստատության պայմաններին:

Նրանց ուղեկցել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը և վարժարանի տնօրեն Իրինա Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՊՄՀ վարժարանը 2019 թ. հիմնանորոգվել է, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և այլ դասասենյակներ հագեցվել են համապատասխան կահավորմամբ և լաբորատորիաներով:

Ըստ աղբյուրի՝ աշակերտները դպրոցի դահլիճում ամփոփ ներկայացրել են ուսումնական հաստատության հիմնադրման պատմությունը և անցած ուղին: Այնուհետ հյուրերը շրջել են դասասենյակներում, ծանոթացել լաբորատոր պայմաններին, հետևել դասընթացներին: Նրանք հետաքրքրվել են աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցերով, բնագիտական առարկաների հետաքրքրվածությամբ, դպրոցում ստեղծված պայմաններից օգտվելու հնարավորություններով:

Նշվում է, որ շրջայցից հետո հյուրերը և ուսումնական հաստատության սովորողները երկխոսության ձևաչափով զրուցել են մասնագիտական կողմնորոշման, երիտասարդներին հուզող առկա խնդիրների, նրանց դերի ու ներուժի զարգացման վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ:

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում 2015-2022 թթ․ Հայաստանում հիմնանորոգվել է 13 ավագ դպրոց (10-ը՝ Հայաստանի տարբեր մարզերում և 3-ը՝ Երևանում), 107 ավագ դպրոցներ արդեն համալրվել են բնագիտական առարկաների լաբորատորիաների համար անհրաժեշտ սարքավորումներով և կահույքով (ընդհանուր՝ 335 լաբորատորիա): Բացի դրանից՝ 585 դպրոցներ վերազինվել են համակարգչային սարքավորումներով, 4475 ուսուցիչներ և վարչական աշխատողներ վերապատրաստվել են ուսումնական գործընթացում տեղեկատվական և հեռահաղորդակցության գործիքների կիրառման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում