Տեսանյութ

«Սերմից՝ սեղան». կենսաբազմազանությունը՝ կայուն գյուղատնտեսության հիմքում

7 րոպեի ընթերցում

Ինչպե՞ս պահպանել կենսաբազմազանությունը՝ միաժամանակ զարգացնելով գյուղատնտեսությունն ու ապահովելով անվտանգ սննդի արտադրությունը։ COP17-ի Կանաչ գոտում այս և այլ հարցերի շուրջ քննարկումներ  անցկացվեցին պետական, միջազգային և մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման առանցքում կենսաբազմազանության պահպանումը Հայաստանի ագրոպարենային արժեշղթայում ներառելու հնարավորություններն էին։

«Այս ոլորտում կանաչ ներդրումները կարող են բազմապատիկ ազդեցություն ունենալ։ Մի կողմից՝ նվազեցնում ենք բնապահպանական ռիսկերը, մյուս կողմից՝ քայլեր ենք ձեռնարկում առավել կայուն տնտեսություն ունենալու ուղղությամբ։ Այս առումով կարող եմ ասել, որ պետական ուղղվածությունը և հետաքրքրվածությունը ևս նպատակաուղղված են դրան»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը։

Գյուղատնտեսության կայուն զարգացումը կապված է հողի առողջության, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բնական էկոհամակարգերի պահպանման հետ։ Այս սկզբունքների կիրառումը պահանջում է համակարգային մոտեցում, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների համագործակցություն։

«Միջազգային ջանքերն ուղղված են նրան, որ կարողանանք պահպանել ավանդական համակարգերը՝ միևնույն ժամանակ կիրառելով ժամանակակից մոտեցումներ։ Պետք է նաև խրախուսենք այն գյուղացիներին և ֆերմերներին, որոնց ջանքերն ուղղված են կենսաբազմազանության պաշտպանմանն ու բարելավմանը։ Պարենային անվտանգությունը, կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը փոխկապակցված մարտահրավերներ են, և դրանցից միայն մեկն առանձնացնելով՝ ոչ մի խնդիր չի լուծվի։ Գուցե կարճաժամկետ առումով արտադրության աճի օգուտ ստանանք, բայց երկարաժամկետ կայունություն չենք ապահովի։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետք է քրտնաջան աշխատենք ինտեգրված մոտեցում ցուցաբերելու համար, որպեսզի ապահովենք ինչպես ինքնաբավությունը գյուղատնտեսության ոլորտում, այնպես էլ դիմակայունությունը»,- նշեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO/ՊԳԿ) Հայաստանի ծրագրերի համակարգող Ռուվան Ուբեյսեկարան:

Անդրադառնալով միջազգային փորձի կիրառմանը և կայուն գյուղատնտեսական գործելակերպերի տարածմանը, մասնակիցներն ընդգծեցին՝  կարևոր խնդիրներից է բնապահպանական նպատակները գործնական լուծումների վերածելը՝ գյուղատնտեսական արտադրության բոլոր փուլերում։

«Կենսաբազմազանությունն ու կայունությունը չեն կարող առանձին գործել․ սա մարդկանց, մոլորակի և շահույթի հարց է։ Չի կարելի աշխատել միայն կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ, եթե արդյունքում ֆերմերը շահույթ չի ստանում։ Գյուղացին պետք է ունենա եկամուտ և մոտիվացիա։ Կարծում եմ՝ Հայաստանում արդեն փոփոխություն է տեղի ունենում․ մարդիկ սկսել են օրգանական գյուղմթերքը դիտարկել որպես որակ, որի համար պատրաստ են վճարել։ Ի վերջո, գյուղատնտեսական գործունեությունը պետք է լինի տնտեսապես կայուն, հակառակ դեպքում ֆերմերները չեն կարողանա այդ մոտեցումը պահպանել իրենց բիզնեսում»,- ասաց  Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը:

Մասնավոր հատվածի գործնական և հաջողված փորձը ներկայացրեց Երեմյան ընկերությունների խումբը՝ անդրադառնալով «Սերմից՝ սեղան» հայեցակարգին։ Այն միավորում է գյուղատնտեսական արտադրության տարբեր փուլերը՝ անասնակերի մշակումից և սեփական ֆերմայի կառավարումից մինչև կաթնամթերքի արտադրություն ու սննդի անվտանգություն։

Երեմյան ընկերությունների խմբի գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը նշեց, որ գյուղատնտեսության երկու հիմնական ուղղությունները՝ հողագործությունն ու անասնապահությունը, կարևոր նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանման և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից։

«Առաջինը հողերի մելիորացիան է, որը մեզ հնարավորություն է տալիս բարձրացնել ցածր արդյունավետություն ունեցող հողերի որակը։ Հաջորդը օրգանական պարարտացումն է, որի միջոցով ֆերմաների թափոնները վերածում ենք օրգանական պարարտանյութի, վերադարձնում հողին և ապահովում ցանքաշրջանառությունը»,-ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ ամբողջական արժեշղթայի կառավարումը հնարավորություն է տալիս հետևելու արտադրության տարբեր փուլերին և ուշադրություն դարձնելու ինչպես արտադրանքի որակին ու անվտանգությանը, այնպես էլ ռեսուրսների պատասխանատու օգտագործմանը։

«Մենք վստահ ենք, որ կայուն գյուղատնտեսությունն ու պատասխանատու բնապահպանությունը թե՛ երկարաժամկետ, թե՛ կարճաժամկետ առումով փոխլրացնում են միմյանց և պետք է գործեն փոխկապակցված։ Երկարաժամկետ առումով կայուն գյուղատնտեսությունը չի կարող և չպետք է գործի՝ առանց կենսաբազմազանությանն առնչվող գործոնները հաշվի առնելու։ Հակառակ դեպքում արժեշղթան չի կարող ամբողջական լինել։ Սա այն կարևոր գործոնն է, որը մենք՝ որպես Երեմյան ընկերությունների խումբ, ներառել ենք «Սերմից սեղան» հայեցակարգում՝ մեր կաթնամթերքի արտադրության գործընթացում»,- ասաց Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։

COP17-ի շրջանակում անցկացված այս  քննարկումը ևս մեկ առիթ էր՝ ներկայացնելու մասնավոր հատվածի փորձն ու ընդգծելու համագործակցության կարևորությունը։

Կենսաբազմազանության պահպանումը, պատասխանատու արտադրությունն ու սննդի անվտանգությունը փոխկապակցված խնդիրներ են, որոնց լուծումը պահանջում է հետևողական աշխատանք ամբողջ ագրոպարենային արժեշղթայում։ «Սերմից՝ սեղան» մոտեցման հիմքում հենց այդ գաղափարն է՝ առողջ հողից ու պատասխանատու արտադրությունից մինչև անվտանգ սնունդ։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում