4 րոպեի ընթերցում
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկում շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ։
«ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների և հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները: Հարկեր չվճարելու նպատակով ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ընկերության կողմից, մտցվում են խեղաթյուրված տվյալներ՝ աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների իրական չափերի, ինչպես նաև իրացման իրական շրջանառության վերաբերյալ։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացվող հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների և իրացման շրջանառության վերաբերյալ առերևույթ խեղաթյուրված տվյալներ մտցնելու՝ իրական չափերը չնշելու միջոցով չի հաշվարկել և չի վճարել ընդհանուր շուրջ 78,4 մլն ՀՀ դրամի հարկեր և վճարներ։
Մասնավորապես, ընկերության կողմից 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները նշվել է շուրջ 190,2 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում այն կազմել է ավելի քան 340,4 մլն ՀՀ դրամ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ պարզվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237,5 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136,5 մլն դրամ։
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պետական եկամուտների կոմիտեն բոլոր հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ տնտեսական գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից, և այդ նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու տնտեսական գործունեության վերաբերյալ կազմվող հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալների իրական հանգամանքները պարզելու հարցում։
Ծանուցում` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։