Ժամանց

«Երաժշտական օդանավակայան». «Զվարթնոց» օդանավակայանում ժամանող հյուրերին դիմավորում են ազգային երգ ու պարով

3 րոպեի ընթերցում

Ազգային երգ, պար, տարատեսակ համերգային ծրագրեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որոնք չեն կարող անտարբեր թողնել Հայաստան ժամանող մեր քաղաքացիներին և հյուրերին: «Երաժշտական օդանավակայան» նախագիծը հիանալի  հնարավորություն է՝ զբոսաշրջիկին  hայկական շունչն ու հյուրընկալությունը ներկայացնելու հենց օդանավակայանից:

Նախագծի հեղինակ, «Կերոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչի համար են ընտրել հենց «Զվարթնոց» օդանավակայանը։

«Յուրաքանչյուր անձ մուտք է գործում մեր երկիր հիմնականում հենց այստեղից, և մենք փորձում ենք ընտրել այնպիսի երաժշտական խմբեր, որոնք լավագույնս կներկայացնեն մեր ազգի մշակույթը, երգն ու պարը։ Սակայն չենք սահմանափակվում միայն հայկականով․կլինեն շաբաթներ, երբ կունենանք նաև այլ երաժշտական կատարումներ»,- նշեց նա։

Գործադիր տնօրենի խոսքով՝ այս նախաձեռնությունը շարունակությունն է Երևանի տարբեր վայրերում անցկացված երաժշտական նախագծերի, որոնք մեծ սիրով ու ոգևորությամբ են ընդունվել հանրության կողմից:

«Երբ ավարտեցինք տաք եղանակների շրջանը, մտածեցինք, թե որտեղ կարող ենք շարունակել նախագիծը, իսկ շարունակությունը պետք է լիներ ավելի տաք ու հարմարավետ միջավայրում։ Արդյունքում ծագեց ծրագիրը մետրոյում շարունակելու գաղափարը։ Այս տարի նույնպես մտածում էինք հանրային փակ տարածքի մասին, և առաջացավ ծրագիրն օդանավակայանում իրականացնելու գաղափարը։ Դեռ ամռան սկզբին կապվեցինք օդանավակայանի ղեկավարության հետ, միասին մշակեցինք կոնցեպտը և եկանք համաձայնության։ Հունվարից սկսեցինք «Զվարթնոց երաժշտական օդանավակայան» նախագիծը»,- ասաց Վանանե Արարքցյանը։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն էլ ընդգծեց՝ հայկական հյուրընկալությունը հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջության այցեքարտը, ինչի մասին միշտ նշում են Հայաստան այցելող զբոսաշրջիկները։

«Այս նախաձեռնությունը նույնպես ընդգծում է, թե որքան հետաքրքիր և որքան նախաձեռնող կարող են լինել մեր զբոսաշրջային ընկերությունները և ընդհանրապես զբոսաշրջային ոլորտը: Մեր մշակույթի հանրահռչակումը, մասնավորապես այս դեպքում ազգային պարերի, ազգային տարազով հանդես գալու նախաձեռնությունը, վստահաբար, շատ հետաքրքիր արձագանք գտավ և՛ զբոսաշրջիկների, և՛ մեր հայրենակիցների մոտ: Դրա ապացույցն է սոցիալական ցանցերում հոլովակների լայն տարածումը»,- ասաց կոմիտեի նախագահը:

Ծրագրի շրջանակում «Կերոն» զարգացման հիմնադրամը հայտարարել է բաց մրցույթ՝ հրավիրելով տաղանդաշատ երաժիշտների, երգիչների և երաժշտական խմբերի։ Հայտադիմումների  ընդունումը դեռ շարունակվում է:   

«Երաժշտական օդանավակայան» նախագիծը կշարունակվի մինչև ապրիլ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում