4 րոպեի ընթերցում
Ոստիկանությանը շարունակում է պայքարը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ:Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Նուբարաշենի գերեզմանատան դարպասի մոտ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նշված վայրի զննությամբ հայտնաբերել են` «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, հակատանկային նռնակ, երկու ատրճանակ, երեք նռնակ` պայթուցիչներով, երկփողանի երկու հրացան, ինքնաձիգի երեք պահեստատուփ, տարբեր տրամաչափերի 381 փամփուշտ և հակաօդային պաշտպանության «Իգլա» համակարգի բաղկացուցիչ մասեր։
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նոր Երզնկա գյուղ տանող ավտոճանապարհին սպիտակ պարկի մեջ թողել է զենք-զինամթերք։
Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված չորս փամփուշտով, մեկ թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի երկու փամփշտատուփ, մարտական չորս նռնակ և 240 փամփուշտ:
Ոստիկանությունից հայտնում են՝ արդյունավետ է եղել նաև Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքը:
Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Լճաշենի «Բերդի տակ» կոչվող հատվածում պատի տակ թողել է զենք-զինամթերք։
Հայտնաբերել է երկու պարկ, որոնց մեջ կար «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, որսորդական մեկ հրացան, երկու ատրճանակ, մարտական երկու նռնակ, նռնակի մեկ պայթուցիչ, ինքնաձիգի երեք պահեստատուփ՝ ընդհանուր 59 փամփուշտներով և տարբեր տրամաչափերի 129 փամփուշտ։
Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզի 9-11 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենքը թողել է Վանաձորում` ուռենու տակ։
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, ակոսափող հրացան, մարտական երեք ատրճանակ, ինքնաձիքի երեք փամփշտատուփ, չորս նռնակ, նռնակի երեք պայթուցիչ, տարբեր տրամաչափի 113 փամփուշտ։
Նույն օրը նույն ծառայություն զանգահարած մի քաղաքացի էլ հայտնել է, որ պատերազմից բերած զենք-զինամթերքը թողել է Գյումրի-Հացիկ ճանապարհի պարսպի վերջնամասում։
Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» մեկ ինքնաձիգ, 30 փամփուշտով լիցքավորված պահունակ, հինգ նռնակ՝ երեք պայթուցիչով և փամփուշտներ։
Հոկտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենք-զինամթերքը թողել է Գետափ գյուղի վերջնամասում:
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնից մեկնած խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական մեկ հրացան և տարբեր տրամաչափերի 31 փամփուշտ։
Հոկտեմբերի 30-ին Փրկարարական ծառայության Տավուշի մարզային վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Իջևանում` «Չռչռ» անվամբ հայտնի տարածքում թողել է զենք-զինամթերք։
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են մեկ ինքնաձիգ` վեց փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, ականանետ, ակոսափող մարտական երկու հրազեն, մեկփողանի ողորկափող հրացան, ինքնաշեն հրացան, վառոդ, մեկ նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի վեց փամփշտատուփ, 202 փամփուշտ և այլ զինամթերք։
Ոստիկանությունից կրկին հիշեցրել են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: