Տնտեսություն

Շինանյութի առևտրով զբաղվող ձեռնարկատերը պետությունից թաքցրել է շուրջ 800 միլիոն դրամի իրացման շրջանառություն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ 

Ինչպես նշվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, կառույցի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։  

«Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալները հաստատվել են, մասնավորապես,  ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2023 թվականի հունվարից 1-ից մինչև 2025 թվականի հունվար ամսվա 31-ն ընկած ժամանակահատվածում Ա/Ձ-ի կողմից թաքցվել է շուրջ 800 միլիոն դրամի իրացման շրջանառություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:

Փաստական տվյալների հիմքով` կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 250  միլիոն ՀՀ դրամի վնաս: 

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում, նշված պահանջի պարբերաբար չկատարումը  կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում