Իրավունք

Երևանի քրեական ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտել են 10 հազար դոլարի հափշտակությունը

3 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտել են Երևանի Սարյան փողոցում քաղաքացուց 10 հազար դոլարի հափշտակության դեպքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։

«Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր:

Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իրեն անծանոթ երկու տղամարդ թակել են տան պատուհանը, ջուր խնդրել իրենց մեքենայի համար, մոտ հինգ րոպե հետո վերադարձել են, կրկին թակել պատուհանը և իրենից գումար պահանջել: Ինքը հրաժարվել է գումար տալուց՝ պատճառաբանելով, որ մոտը գումար չկա, գումարները գտնվում են էլեկտրոնային դրամապանակում և պետք է սպասել մինչ առավոտ: Սակայն նրանցից մեկը հագուստի տակից ատրճանակի նմանվող առարկա է պահել իր ուղղությամբ և ասել, որ եթե գումարը չտա, ապա կսպանեն: Դրանից հետո ինքը իր պայուսակի միջից հանել է 10 հազար դոլար ու տվել նրանց, ինչից հետո նրանք հեռացել են։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս պարզվեց, որ հանցագործությունը կատարել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ տղամարդիկ, երկուսն էլ 33 տարեկան: Հենց նրանք են «Ռենո Լոգան» մակնիշի մեքենայով ժամանել Սարյան փողոց և կատարել հափշտակությունը:

Նույն օրը Երևանի Խանջյան փողոցում զովունեցուն, իսկ Երևանի Նազարբեկյան փողոցում` փարպեցուն, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, իրավապահները ձերբակալել և տեղափոխել են Երևան քաղաքի վարչություն։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տվյալներն իրացնելու և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ արարքին մասնակցել է նաև երրորդ անձ:

Այդ երրորդ անձը` Երևանի Սեբաստիայի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը, նույն օրը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին»,- ասվում է հաղորդագրության մեջ, որի համաձայն՝ երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեքն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում