Ստվերային շրջանառության բացահայտման արդյունքում հաշվարկվել և պետբյուջե է վերականգվել 214 մլն դրամ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ստորաբաժանման կողմից այս տարվա 11 ամիսների ընթացքում բացահայտվել է ստվերային շրջանառություն, արդյունքում պետբյուջե է վերադարձվել հաշվարկված 214 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Օպերատիվ ստորաբաժանման կողմից լայնածավալ ու արդյունավետ միջոցառումներ են ձեռնարկվել և իրականացվել՝ ուղղված ստվերային շրջանառության բացահայտմանը: Մասնավորապես, իրացման իրական ծավալների և ապրանքների գների ճշտման ուղղությամբ իրականացված 86 միջոցառումների ընթացքում արձանագրվել են շոշափելի ճշգրտված արդյունքներ։ Դրանց արդյունքում հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվել են ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ: Միայն իրականացված 86 միջոցառման արդյունքում իրացման շրջանառության համախառն եկամտի ծավալն ավելացել է 1 մլրդ 571 մլն դրամով, իսկ հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը, որոնք արդեն իսկ վճարված են պետբյուջե, կազմել է 214 մլն դրամ»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ վեր հանված ստվերային շրջանառությունում մանր բիզնեսը գրեթե բացակայում է:
Հարցին, թե արդյոք 11 ամսում ՊԵԿ-ը կարողացել է ստվերից դուրս բերել ընդամենը 214 մլն դրամ, Հովհաննիսյանը պատասխանեց՝ խոսքը միայն իրավական բլոկի մասին է, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում օպերատիվ ստորաբաժանմանը: «Այլ ստորաբաժանումների կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունքում շատ ավելի մեծ գումարի չափով ստվեր է վեր հանվել, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները վճարվել կամ վճարվելու են պետբյուջե: 214 մլն դրամը վերաբերում է միայն իրավական ստորաբաժանումներին»,-ասաց նա:
Հովհաննիսյանը հիշեց, որ նախկինում խոսվել է Հայաստանում ստվերի ավելի մեծ ծավալների մասին՝ մոտավոր թվերով 40 տոկոսի, իսկ հիմա մոտավոր թվերով այն 20-22 տոկոս է: Նա վստահեցրեց, որ ՊԵԿ ռազմավարական ծրագրում նախատեսված են ստվերի կրճատմանն ուղղված միջոցառումների լայն ծրագիր և աշխատանքներ: