ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գալիք՝ 2020 թվականը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի համար հոբելյանական է: Լրանում է թերթի հիմնադրման 30-ամյակը, ինչը ոչ միայն արժեւորման ու հպարտության պահեր պարգեւող, այլեւ պարտավորեցնող ու արժանահիշատակ իրադարձություն է: Հոբելյանի առթիվ «ՀՀ» խմբագրակազմը մի շարք միջոցառումներ է նախատեսում, որոնք յուրովի կնշանավորեն Հայաստանի երրորդ հանրապետության մայր թերթի հիշարժան տարեդարձը:
Որպես այս` «Հայաստանի Հանրապետություն»-30 շարքի առաջին նախաձեռնություն այսօր, ահավասիկ, ներկայացնում ենք օրաթերթի մշակութային գունավոր ներդիրի հրատարակությունը, որը շատ առումներով, հավատացած ենք, բացառիկ է՝ թերթի (հատկապես` արվեստասեր) ընթերցողներին հաճելի անակնկալներ պարգեւելու իմաստով: Առավել եւս, որ մշակութային առաջին ներդիրի պատվավոր հյուրը Տիգրան Մանսուրյանն է, ինչը, կարծում ենք, բավականին խորհրդանշական ու բազմախորհուրդ է:
Մեծահարգ հայ կոմպոզիտորի հետ ցանկացած հանդիպում, առավել եւս՝ նման հյուրընկալություն, չափազանց դրական հույզերի ու անմոռանալի զգացումներ ապրելու հաճելի ու նշանակալից առիթ է: Առավել եւս, որ Տիգրան Մանսուրյանը, պատվավոր հյուրի կարգավիճակը համատեղել է օրաթերթի ներդիրի պատվավոր գլխավոր խմբագրի «պարտականության» հետ, ինչն իր հերթին առանձնակի իմաստ ու կարեւորություն է հաղորդում նման ձեւաչափով անցկացվող մշակութային իրադարձությանը:
«ՀՀ»-ն մշակութային այսպիսի հանդիպում-հյուրընկալություններ առաջիկայում էլի կկազմակերպի՝ դրանք առավել հետաքրքրական եւ, ամենակարեւորը, ավանդական դարձնելով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: