Տնտեսություն

Վերին Լարսում Հայաստանը կունենա մաքսային կցորդ 

2 րոպեի ընթերցում

Վերին Լարսում Հայաստանը կունենա մաքսային կցորդ 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Վերին Լարսի անցակետում կունենա մաքսային կցորդ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ նպատակով կառավարությունն ընդունեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ որոշմամբ հնարավոր կլինի ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում: «Մաքսային կցորդը գործելու է Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կից: Նա ունենալու է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել: Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է, և շատ օպերատիվ աշխատում ենք: Մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները ոչ բոլոր հարցերով զբաղվեն, որովհետև շատ կարևոր հարցերը երբեմն տուժում են դրանից»:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունեց այս որոշումը և վստահություն հայտնեց, որ կցորդի ներկայությունը Վերին Լարսում կդյուրացնի շատ հարցեր:

Կցորդին պաշտոնում նշանակելու և ազատելու է ՀՀ կառավարությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում