Ռուսաստան-Բելառուս. ինտեգրման խորացումը հետաձգվում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոչիում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը, որի առանցքում եղել են երկու երկրների միջև ինտեգրման՝ «Միութենական պետություն» ձևաչափի խորացման ճանապարհային քարտեզները։ Պուտին-Լուկաշենկո հանդիպմանը նախորդել են երկու երկրների վարչապետների՝ Մեդվեդևի և Ռումասի բանակցությունները (դեկտեմբերի 6-ին, Սոչիում), որոնց հիմնական նպատակը Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը նախապատրաստելն ու վիճելի հարցերի վերաբերյալ համաձայնության հասնելն էր։

Մոսկվայի և Մինսկի միջև երկկողմ օրակարգի արդիական հարցերը սկսել են ակտիվորեն քննարկվել դեռ 2018թ․ դեկտեմբերից, երբ հայտարարվեց «Միութենական պետության» շրջանակներում երկու երկրների միջև ինտեգրման խորացման անհրաժեշտության մասին։

Դա տեղի ունեցավ Ռուսաստանում նավթային ոլորտում հարկային փոփոխություններից («нефтяной манёвр») հետո, որոնց արդյունքում նավթի գինը Բելառուսի համար բարձրացավ՝ դառնալով զգալի տնտեսական կորուստների պատճառ։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ նախագահները դեկտեմբերի 7-ի հանդիպման ժամանակ արդեն կամփոփեին բանակցությունները և կստորագրեին ինտեգրման խորացման վերաբերյալ փաստաթղթերը՝ «Միութենական պետության» 20-ամյակին ընդառաջ (դեկտեմբերի 8)։ Սակայն, չնայած լավատեսական կանխատեսումներին, Մոսկվան և Մինսկը չկարողացան հասնել մոտեցումների լիարժեք համաձայնեցման: Կողմերը դեռևս հակասություններ ունեն ինտեգրման 8 ճանապարհային քարտեզների (23-ը համաձայնեցված են) հետ կապված:

Պետք է ընդգծել, որ «Միութենական պետության» շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը և դրանց համապատասխանեցումը տնտեսական հարաբերությունների առկա մակարդակին կարևորվում են հատկապես Ռուսաստանի կողմից։ Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա վերջինիս համար այդքան էլ գրավիչ չէ ինտեգրման սերտացումը․ Մինսկը երկկողմ տնտեսական խնդիրների կարգավորման համատեքստում Մոսկվայից պահանջում է հավելյալ արտոնություններ։

Հատկանշական է, որ բանակցությունների և ճանապարհային քարտեզների բովանդակության վերաբերյալ տեղեկատվությունը փակ է, փաստաթղթերից որևէ մեկը հրապարակված չէ։ Այս հանգամանքը Բելառուսում որոշ մտահոգությունների առիթ է դարձել։ Որոշ շրջանակներում կա մտավախություն, որ բանակցվող փաստաթղթերը կարող են ենթադրել ոչ համարժեք զիջումներ։ Սրանով էր հիմնականում պայմանավորված դեկտեմբերի 7-ին և 8-ին Մինսկում ինտեգրման խորացման դեմ բողոքի ակցիայի անցկացումը, որն իր ծավալներով մեծ չէր (ըստ տարբեր աղբյուրների՝ 700-1000 մարդ): Արդեն իսկ մեկ տարի ընթացող բավական բարդ բանակցությունների համատեքստում Բելառուսը նաև փորձում է օգտագործել տարբեր գործիքներ՝ իր դիրքերն ամրապնդելու համար, օրինակ՝ Եվրոպայի հետ հարաբերությունների «ապասառեցում», ԵՄ-ի հետ համապարփակ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին բարձրաձայնում և այլն։

Նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի հաջորդ հանդիպումը նախատեսվում է դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, սակայն անհրաժեշտության դեպքում նախագահները կարող են լրացուցիչ հանդիպում ունենալ։ Հիմնվելով առկա տեղեկատվության վրա՝ բավական դժվար է ասել, որ փաստաթղթերի փաթեթի վերջնական տարբերակը հնարավոր կլինի համաձայնեցնել մինչև դեկտեմբերի 20-ը, այնուամենայնիվ, կողմերը փորձում են այս տարի ավարտին հասցնել փաթեթի ստորագրումը։

Եթե Մինսկ-Մոսկվա բանակցությունները ձգձգվեն և կողմերի միջև նկատվի որոշակի լարվածություն, հնարավոր է՝ դա ազդեցություն ունենա նաև բազմակողմ ձևաչափերում աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում կամ ԱՊՀ-ում, որոնց անդամակցում է նաև Հայաստանը։

Վարդուհի Հարությունյան

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին