ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի դպրոցներից մեկում 11-րդ դասարանցիների միջև ծագած վեճը հանգուցալուծվել է մասնակիցներից մեկի դանակահարությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ր լրատվության վարչությունից:
«Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13․15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է հնչել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։ Րոպեներ անց նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ևս հնչել է նույնաբովանդակ ահազանգ։ Արագ արձագանքած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել թիվ 114 դպրոցում։ 11-րդ դասարանցիների միջև անհիմն ծագած վեճը հանգուցալուծվել է մասնակիցներից մեկի դանակահարությամբ։ Հանցագործության գործիքն ու կասկածյալը հայտնաբերվել են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։