Պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումը ՀՀ վարչապետի օրակարգում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի ընդհուպ 1 000 դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության բարձր մակարդակին հասնելը Կառավարության ամենօրյա օրակարգի հարցն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից անցկացվող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովում ունեցած իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք, ՀՀ պետական բյուջեի միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում: Ներառյալ նաև վարչապետի գործունեության հետ կապված պետական ծախսերը ես չեմ կարող 100 տոկոս արդյունավետ համարել: Ուզում եմ ասել, որ դա նույնպես անձամբ իմ օրակարգի հարց է: Ուզում եմ խոստովանել, որ միշտ չէ, որ դրանով զբաղվել եմ բավարար ինտենսիվությամբ, որովհետև եղել են ավելի գլոբալ խնդիրներ, սակայն, ինչպես ասել եմ, մեր գործերը լավ են, հետևաբար, ավելի շատ օրակարգ սպասարկելու հնարավորություն կա: Ընդհուպ 1 000 դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը մեր ամենօրյա օրակարգի հարցեր են»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը: