Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի քաղաքի և շրջակա միջավայրի հարցերով նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի քաղաքի և շրջակա միջավայրի հարցերով նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության քաղաքի և շրջակա միջավայրի հարցերով նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի ալ-Սուբայեի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով այցի ընթացքում ունեցած արդյունավետ քննարկումներին ու պայմանավորվածություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ու Կատարը հարաբերությունների զարգացման հսկայական հնարավորություններ ունեն, և Հայաստանը հետաքրքրված է փոխշահավետ համագործակցության խորացմամբ:

Նախագահ Սարգսյանը խոսել է մեր երկրի ներդրումային ու մրցակցային հնարավորությունների ու առավելությունների մասին։ Փոխգործակցության հեռանկարային ուղղություններից մեկը զրուցակիցները համարել են սննդի վերամշակման, մատակարարման եւ անվտանգության ոլորտը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ և դարպաս դեպի ավելի մեծ շուկաներ։ Բացի այդ, մեր երկիրն ունի հանքային ջրերի զարգացած արտադրություն, և այս ոլորտում ևս համագործակցություն մեծ ներուժ կա:

Նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի ալ-Սուբայեն ասել է, որ դրանք չափազանց էական ոլորտներ են Կատարի համար, և իրենք շահագրգռված են համատեղ ծրագրերի իրականացմամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարարների փոխայցելությունների, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, համագործակցության հետագա հնարավորությունների վերաբերյալ քննարկումները շարունակելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում