Երկու կյանք ունեմ` մեկը Հայաստանում, մյուսը Նորվեգիայում. Բյորնի թոռը տատի օրագիրը կթարգմանի հայերեն

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի միսիոներուհի, Հայոց ցեղասպանության ականատես և բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնի թոռանը` Յուսի Բյորնին` Հայաստանի հետ անտեսանելի կապը տարվա մեջ 6-7 անգամ բերում է Երևան: Ինչպես ինքն է ասում` երկու կյանք ունի` մեկը Նորվեգիայում, մյուսը` Հայաստանում: Երևանի փողոցներն անգիր արած Բյորնը հասցրել է Հայաստանն այնքան լավ ճանաչել, որ հիմա արդեն նորվեգացի զբոսաշրջիկներին է ծանոթացնում երկրին, նրանց պատմում Հայոց ցեղասպանության մասին տատից լսած պատմությունները: «Արմենպրես»-ը ներկայացնում է զրույցՅուսի Բյորնի հետ:

-Պարոն Բյորն, երկու տարի առաջ, երբ Հայաստանում էիք, կրկին զրուցել ենք, հետաքրքիր է, թե սա Ձեր ո՞րերորդ այցն է Հայաստան և ո՞րն է այս այցի նպատակը:

-Ես Հայաստան եմ գալիս ու հետ գնում տարեկան 6-7 անգամ` գրեթե ամեն երկրորդ ամիսը մեկ՝ տարբեր պատճառներով: Պատճառներից մեկն այն է, որ ես որպես զբոսավար եմ աշխատում նորվեգացի զբոսաշրջիկների համար: Ես տարբեր ծրագրեր ունեմ այստեղ:

-Ինչպե՞ս եք այդքան մանրամասնությամբ բացահայտել Հայաստանը, որ հիմա այն կարողանում եք զբոսաշրջիկներին ներկայացնել, ի՞նչ եք ցույց տալիս նրանց այստեղ:

-Ես նրանց տանում եմ հայտնի վայրեր` Նորավանք, Խոր Վիրապ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Ես նաև գիդ եմ դանիացի, շվեդ զբոսաշրջիկների համար: Անցյալ տարի Նորվեգիայից մեծ երգչախումբ ունեի այստեղ` մոտ 50 երգիչ: Նրանք ելույթ ունեցան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Գյումրիի Յոթ վերք եկեղեցում: Դա մեկ այլ ծրագիր է՝ կապելու Հայաստանը և Նորվեգիան: Գյումրին և Կրագերոն՝ Բոդիլ Կատարինե Բյորնի ծննդավայրը, կդառնան քույր քաղաքներ և կհամագործակցեն տարբեր ոլորտներում, օրինակ՝ շախմատի. փետրվարին շախմատի մեծ մրցաշար էր տեղի ունեցել Կրագերոյում, և մի քանի գյումրեցի շախմատիստներ ևս հրավիրված էին:

-Հետաքրքիր է, թե դուք ինչ եք պատմում զբոսաշրջիկներին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

-Ես նրանց պատմում եմ նաև իմ տատից լսած պատմությունները, ես դրանք շատ լավ եմ հիշում: Պատմություններ կան, որոնք գրված են, ես կարող եմ դրանք վերցնել նրա օրագրից և պատմել իմ զբոսաշրջիկներին: Անցյալ ապրիլին Հայաստանում էր նաև իմ ընտանիքը` իմ երեխաներն ու թոռները: Նրանք առաջին անգամ էին Հայաստանում, և հաստատ կվերադառնան կրկին: Նրանք պետք է սիրեն իրենց ընտանիքի պատմությունը:

-Ինչո՞ւ եք նման բան նախաձեռնել Հայաստանում:

-Ես դա առաջին հերթին անում եմ ինձ համար, դա ինձ բավականություն է պատճառում: Ես սիրում եմ Հայաստանը, բավականին մարդկանց գիտեմ այստեղ: Ես երկու կյանք ունեմ` մեկը` Նորվեգիայում, մյուսը` Հայաստանում:

-Դուք միսիոներ, հայ ազգի բարեկամ, Հայոց ցեղասպանության ականատես և բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնի թոռն եք, գիտեմ, որ ուսումնասիրել եք Ձեր տատի նամակները, օրագիրը և նախաձեռել եք ֆիլմ` «Նրանք ինձ մայր են կոչում » (They call me mother), ուրիշ ի՞նչ եք ծրագրում անել Ձեր տատի նամակներով ու օրագրով:

-Նորվեգացի հետազոտողին խնդրել եմ փոքրիկ բրոշյուր ստեղծել, որը կպատմի ֆիլմի մասին սեղմ ձևով: Մյուս տարի` 2020-ին լրանում է Բոդիլ Բյորնի մահվան 60 տարին, իսկ 2021-ին լրանում է նրա ծննդյան 150-ամյակը: Եվ մյուս տարվա հուլիսից մինչև 2021-ի փետրվար տարբեր ծրագրեր կիրականացնեմ տարբեր վայրերում: Կթողարկենք նամականիշ Նորվեգիայում և Հայաստանում` նրա ծննդյան 150-ամյակի առիթով: Նորվեգիայում` նրա ծննդավայր Կրագերո քաղաքում, կանցկացնենք մարդկության մասին կոնֆերանս: Այդ կոնֆերանսի ընթացքում կխոսենք նաև Հայոց ցեղասպանության մասին: Մենք նաև փոքր թանգարան կբացենք նրա ծննդավայրում` անձնական իրերով, կահույքով: Ես նաև ծրագրում եմ լրագրողների և լուսանկարիչների հետ այցելել Գյումրի, Մուշ, Հալեպ: Եվ արդյունքում Նորվեգիայի խոշոր թերթերի լրագրողները նյութեր կպատրաստեն այդ մասին: Հույս ունեմ հեռուստատեսային ծրագիր թողարկել Նորվեգիայում: Այս 2 տարին շատ զբաղված կլինեմ, Կրագերոն և Գյումրին պետք է քույր քաղաքներ լինեն, իմ նախաձեռնություններում է նաև այս երկու քաղաքները կապելը: Տատիս հիմնական նպատակն էր լինել լավ քրիստոնյա, մարդասիրական գործ անել: Նա այստեղ որբանոց է բացել, բուժել մարդկանց: Ցեղասպանության օրերին նա եղել է այստեղ, եղել է ականատես: Հայոց ցեղասպանությունից հետո Բոդիլ Բյորնն աշխատել է նաև Սիրիայում, Հալեպում, շարունակել է իր մարդասիրական աշխատանքը: Նրա նամակները և օրագիրը պետք է թարգմանվեն հայերեն և անգլերեն: Ես ծրագրում եմ դա անել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ: Եվ այդ ամենը պետք է արվի այս երկու տարվա ընթացքում:

-Պարոն Բյորն, Նորվեգիայի կառավարությունն այժմ ի՞նչ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, արդյոք այն չի փոխվել:

- Կառավարությունը ոչ մի տեսակետ չունի դրա վերաբերյալ, ցավոք: Քաղաքականապես տեսակետը դեռ չի փոխվել, քանի որ Նորվեգիան ՆԱՏՕ-ի անդամ է, ձուկ է արտահանում Թուրքիա: Տխուր է, սակայն դա ավելի կարևոր է:

-Եվ կցանկանայի Ձեզնից լսել, թե Նորվեգիայում հասարակությունը, մարդիկ ինչ են մտածում Հայոց ցեղասպանության մասին:

-Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ Նորվեգիայում գիտեն Հայոց ցեղասպանության մասին, նրանք գիտեն նաև հայտնի հայերի մասին: Շատ կարևոր է, որ նրանք Հայաստանը գիտեն ոչ միայն ցեղասպանության, այլ նաև հայտնի մարդկանց միջոցով` երաժիշտների, ատլետների, շախմատիստների: Օրինակ, նորվեգացիները շատ լավ գիտեն Լևոն Արոնյանին: Սա ևս իմ թեմաներից մեկն է, որ ես պատմում եմ մարդկանց:

-Պարոն Բյորն, Հայաստանում ի՞նչն եք ամենից շատ սիրում:

-Ես շատ եմ սիրում Հայաստանի կլիման: Այստեղ գարունն ու աշունը պարզապես ֆանտաստիկ են: Ես սիրում եմ Հայաստանի լեռները, նաև ծաղիկները: Ամենից շատ սիրում եմ մադկանց, ովքեր շատ հյուրասեր են: Իմ զբոսաշրջիկները նույնպես դա ասում են, որ շատ հեշտ է այստեղ մարդկանց հետ խոսել, կապվել: Ես այստեղ շատ ծանոթներ ունեմ, ընկերներս, նույնիսկ երբ այստեղ են լինում, ասում են` կարո՞ղ ենք գնալ մի տեղ, որտեղ քեզ չգիտեն:

-Հայերեն բառեր գիտե՞ք արդյոք:

-Մի քանի հայերեն բառ գիտեմ: Դժվար է հայերեն սովորել, կցանկանայի ավելի շատ խոսել: Սակայն ես երբեք չեմ կորի Հայաստանում, միշտ կարող եմ գտնել իմ ճանապարհը, նույնիսկ կարողանում եմ տաքսիի վարորդներին ասել, որ սխալ ճանապարհով են գնում, ես քաղաքը շատ լավ գիտեմ: Քանի որ շատ եմ քայլում, բոլոր փողոցներն այստեղ գիտեմ:

Հարցազրույցը` Աննա Գրիգորյանի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում