Հասարակական

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին

3 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար,նորանշանակ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհավորել է Անդրեա Վիկտորինին դեսպանի բարձր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և նկատել, որ Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ձևավորվել են կայուն և շարունակաբար զարգացող հարաբերություններ, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ բարձրանալու են որակական նոր հարթություն:

Անդրեա Վիկտորինը իր հերթին կարևորել է ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումըև վերահաստատել Եվրամիության՝ Հայաստանում տարածքային զարգացմանն ուղղված քայլերին տեխնիկական աջակցություն տրամադրելու և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ փոխգործակցելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են համատեղ աշխատանքների ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները կոշտ թափոնների կառավարման, ջրային ռեսուրսների, էներգետիկայի, տարածքային զարգացման պիլոտային ծրագրերի ոլորտներում: Նախարարն ընդգծել է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված ԵՄ աջակցության և ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների փոխլրացման անհրաժեշտությունը: Սուրեն Պապիկյանը նաև կարևորել է էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանի համար առանցքային է էներգետիկ անվտանգությունը, ինքնուրույնությունը և այս ասպարեզում բալանասավորված անկախությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային հանգույցին, Կովկասյան էլեկտրահաղորդակցման ցանցում տարվող աշխատանքային հարցերի:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով և գործադրել առավելագույն ջանքեր՝ ենթակառուցվածքների զարգացման արդյունավետ համագործակցություն ապահովելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում