Հայաստանն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների նկատմամբ. ՀՀ վարչապետ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների նկատմամբ՝ ապահովելով գույքի եւ սեփականության լիարժեք պաշտպանություն: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» թերթին տված հարցազրույցում:

«Հայաստանը հիանալի հնարավորություններ է ընձեռում ներդրողներին՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, արտադրությունը, էներգետիկան և մի շարք այլ ոլորտներում: Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների նկատմամբ՝ ապահովելով գույքի եւ սեփականության լիարժեք պաշտպանություն: Օտարերկրյա ներդրողները կարող են ազատ, անարգել մուտք գործել ցանկացած ոլորտ և աշխարհագրական վայր երկրի ներսում, առանց սահմանափակումների անձնակազմ հավաքագրել, օգտվել շահույթի անվճար և անսահմանափակ վերադարձման իրավունքից, իրականացնել արժույթի անսահմանափակ փոխանակում շուկայական փոխարժեքով և ունենալ ազգայնացումից պաշտպանող երաշխիքներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ՀՀ վարչապետը:

Օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը, որը պաշտպանում է նրանց ներդրումներին վերաբերող օրենսդրական փոփոխություններից, նույնպես երկրի արտաքին ներդրումների շրջանակի մի մասն է: Միջազգային տնտեսական հարաբերությունների առումով, Հայաստանը ներդրումների խթանման և պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրեր ունի 43 երկրների հետ, ներառյալ՝ Միացյալ Նահանգները:

Վարչապետը հիշեցրել է՝ Հայաստանը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի անդամ է: «Մենք 46 երկրի հետ կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելու կանխարգելման վերաբերյալ համապատասխան համաձայնագրեր ունենք: Սա նշանակում է, որ ներդրողներին տրվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝ համահավասար վերաբերմունք (ազգային ռեժիմ ներդրողների համար), պաշտպանություն սեփականազրկումից, միջոցների ազատ փոխանցում և լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն»,-նշել է նա:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով Հայաստանը 190 երկրի շարքում զբաղեցնում է 41-րդ տեղը: Բիզնես սկսելու դյուրինության առումով՝ Հայաստանը աշխարհում 8-րդն է, իսկ գույքը գրանցելու առումով՝ 14-րդը: Տնտեսական ազատության ինդեքսի համաձայն՝ Հայաստանը 47-րդ ամենաազատ տնտեսությունն է աշխարհում: Մենք շարունակում ենք խորը և համապարփակ բարեփոխումներ իրականացնել` բարելավելու մեր բիզնես միջավայրը:

Նիկոլ Փաշինյանի հավաստիացմամբ՝ ՀՀ կառավարությունն աշխատում է օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ՝ առավել բարենպաստ առևտրային ռեժիմ սահմանելու, օտարերկրյա ներդրողներին համապատասխան երաշխիքներ տրամադրելու, ինչպես նաև վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու համար: Ներկայում մենք աշխատանքներ ենք տանում հնարավորությունների ընդլայնման և պետություն-մասնավոր հատված գործընկերության համար հստակ իրավական դաշտ սահմանելու ուղղությամբ:

««Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր մայրցամաքային երկիր է». այս նկարագրությունը Դուք կարող եք գտնել բազմաթիվ գրքերում և հոդվածներում: Համաձայն եմ, մենք փոքր երկիր ենք: Բայց մենք լայն և համաշխարհային ցանց ունեցող ազգ ենք, ինչը մեզ մեծ է դարձնում: Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կամրջում է մշակույթներն ու տնտեսությունները: Ոմանք կարող են պնդել, թե Հայաստանը փոքր շուկա ունի, բայց ես այստեղ եմ այդ տեսակետը վիճարկելու համար: Հայաստանը մաս է կազմում Եվրասիական տնտեսական միության շուկայի, որն ունի ավելի քան 180 միլիոն սպառող: Հայ արտադրողներն օգտվում են GSP+ արտոնյալ ռեժիմից՝ Եվրամիության հետ եւ GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:

Հայաստանը նաև խորացնում է համագործակցությունը Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով: Այս հավակնոտ համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանն ու ԵՄ-ն համատեղ աշխատեն ի նպաստ ՀՀ քաղաքացիների՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների ստեղծման, առավել արդար խաղի կանոնների, ավելի մեծ ապահովության, ավելի մաքուր միջավայրի, ինչպես նաև ավելի որակյալ կրթության և հետազոտությունների իրականացման համար:

Ինչ վերաբերում է նախարարությունների թվի կրճատման մասին լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կրճատելու որոշման համար կային պարզ պատճառներ: «Մեր բարեփոխումների օրակարգի նպատակներից է պետական կառավարման օպտիմալացումը և ավելի արդյունավետ պետական հաստատությունների ստեղծումը: Նախարարությունների թվի կրճատումը կօգնի մեզ հասնել այդ նպատակին և բարձրացնել կառավարման արդյունավետությունը»,-նշել է նա:

Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանում բարեփոխումները երկարաժամկետ և ռազմավարական են: Հետևաբար, տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն կունենա երկրի տնտեսական զարգացման և մարդկանց կյանքի վրա: «Միևնույն ժամանակ թույլ տվեք Ձեզ հետ կիսվել արդեն իսկ արձանագրված որոշ արդյունքներով: 2018 թվականին մենք արձանագրել ենք 5.2 տոկոս տնտեսական աճ և պահպանել ենք չափավոր գնաճի մակարդակը: Սրանք շատ դրական արդյունքներ են հեղափոխություն տեսած տարվա համար: Մենք ունենք արտահանման 9 տոկոս աճ: Այս տարի դրական դինամիկան շարունակվում է՝ տարվա առաջին կիսամյակում արձանագրված 6,5 տոկոս աճով: 2019 թվականի օգոստոսին «Մուդիզ»-ը բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը Ba3-ի: Այս արդյունքները խոստումնալից են. այնուամենայնիվ, պետք է շատ ավելին անել»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև