Արցախ

Արցախի խորհրդարանի մշտական հանձնաժողովները գումարել են նիստեր

2 րոպեի ընթերցում

Արցախի խորհրդարանի մշտական հանձնաժողովները գումարել են նիստեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 24-ին նիստ է գումարել՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ: Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի և «Հանրագրերի մասին» օրենքի նախագծի և կից փաթեթի քննարկումն էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը հանձնաժողովին է ներկայացրել նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը: Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Պատգամավորները հարցեր են առաջադրել հիմնական ու հարակից զեկուցողներին և հանդես եկել ելույթներով: Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում նախագիծը բացասական եզրակացությամբ ուղարկվել է հերթական նիստի քննարկմանը:

Հաջորդիվ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը հանձնաժողովի որոշմամբ ստացել է դրական եզրակացություն և երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է ԱԺ հերթական նիստում:

Նախօրեին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Գույքահարկի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորները քննարկել և դրական եզրակացություն են տվել նախագծերի փաթեթը հերթական նիստում քննարկելուն:

Նիստերին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում