Քաղաքականություն

ՀՀ-ն կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիային. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիային. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,հանդիպմանը ՀՀ մշտական ներկայացուցիչը խորին մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման հումանիտար հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչության տեղահանման կապակցությամբ։

«Մհեր Մարգարյանը հատկապես ընդգծեց ռազմական գործողությունների հետևանքով սիրիահայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար առաջացած սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային ոճրագործության վտանգը։ ՀՀ դեսպանի կողմից շեշտվեց Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում հումանիտար գործողություններ իրականացնելու և աջակցություն ցուցաբերելու կարևորությունը՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին։

Կողմերը քննարկեցին այդ ուղղությամբ համագործակցության և ջանքերը համադրելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում