Հասարակական

Սուրեն Պապիկյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցչին

3 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ միջանցքի, ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերի, ինչպես նաև երկկողմ օրակարգի առարկա հանդիսացող ենթակառուցվածքային արդիականացման մի շարք հարցեր։

Նախարար Պապիկյանը կարևորել է բանկի հետ բազմաոլորտ և ընդգրկուն համագործակցությունը և նկատել, որ ենթակառուցվածքների զարգացման նոր փուլ թևակոխելու պայմաններում Հայաստանի և հիմնադրամի միջև հաստատված գործընկերային հարաբերություններն առավել հեռանկարային դրսևրումներ են ստանում։

Օրակարգային հարցերի թվում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Ագարակ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական և նախագծման աշխատանքների իրականացմանը։

Ընդգծելով ՀՀ կառավարության համար ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանը հատուկ շեշտել է, որ շինաշխատանքներն անհրաժեշտ է վստահել ոլորտում բարձր մասնագիտացվածություն, փորձառու ու հեղինակություն վայելող կազմակերպության, որն ամբողջական պատասխանատվություն կկրի կատարված աշխատանքների համար։

ԿԶԵՀ տրանսպորտի և հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխը բարձր է գնահատել տարբեր ուղղություններով ենթակառուցվածքային զարգացման ՀՀ կառավարության հանձնառությունը և հիմնադրամի անունից պատրաստակամություն հայտնել աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին։

Ավարտին անդրադարձ է եղել համատեղ ծրագրերի անխափան և բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված տեխնիկական, կազմակերպչական և ընթացակարգային հարցերին։

Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4–ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով՝ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում: 32 կմ ընդհանուր երկարությամբ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի վերակառուցման նախագծումն իրականացնում է հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերությունը: Նախագծման աշխատանքներն սկսվել են 2019 թվականի սեպտեմբերի 9-ին և նախատեսվում է ավարտել 15 ամսվա ընթացքում, իսկ շինարարական աշխատանքները՝ 2021-2023 թթ.:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում