Ինովացիա

Երևանում մեկնարկեց WCIT-2019-ը

2 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկեց WCIT-2019-ը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) պաշտոնական բացման արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 7-ին բացման արարողության ընթացքում սպասվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանի ելույթները:

Օրվա ընթացքում նախատեսված են մի շարք պանելային քննարկումներ, որոնց զուգահեռ տեղի են ունենալու տարբեր միջոցառումներ:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ հատուկ զեկույցով հանդես գալու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում