Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:
«Վնասվածքից հետո ամբողջապես վերականգնվել եմ: Նորմալ մարզումներ ենք անցկացնում, ոչ սովորական նախապատրաստական փուլ ենք անցնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը:
Ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը փաստեց, որ թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: «Էդգարը բնավորությամբ առավելագույնին ձգտող է, սակայն պետք է հաշվի առնենք, որ վնասվածքից հետո նոր-նոր ենք սկսում նախապատրաստվել»,-շեշտեց մարզիչը:
Հավաքականի անդամը Եվրոպայի առաջնությունում ըստ ամենայնի կունենա երկու մեկնարկ: Նա մրցավայր կմեկնի հոկտեմբերի 11-ին:
Հեծանվասպորտի Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է Նիդեռլանդներում հոկտեմբերի 16-21-ը: