Տնտեսություն

Երևանում կայացել է ԵԱՏՄ երկրների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

2 րոպեի ընթերցում

Երևանում կայացել է ԵԱՏՄ երկրների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 30-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բացման խոսքում Սուրեն Պապիկյանն իր երախտագիտությունն է հայտնել և՛ Հայաստանի կառավարությանը, և՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին «Եվրասիական միության տարանցիկ ներուժի զարգացումը» խորագիրը կրող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում այս հանդիպումը կազմակերպելու համար։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել կառույցի անդամ պետությունների ներկայացուցիչներին այս կարևորագույն միջոցառմանն աջակցելու և դրան մասնակցելու կապակցությամբ։

Նիստի ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են օրակարգում ներառված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2020 թվականների համար համակարգված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզներ») իրականացմանը, տրանսպորտի ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմանը, կաբոտաժային, ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծրագրերի իրականացմանը, մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրերին:

Հանդիպման ավարտին նախարարները որոշում են կայացրել հաջորդ նախարարական նիստն անցկացնել 2019թ. նոյեմբերի 22-ին Մոսկվայում «Տրանսպորտային շաբաթ» միջոցառման շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում