Հասարակական

Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին

3 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի  էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ջերմորեն ողջունելով հյուրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ որպես երկու երկրների համագործակցության հիմնական փաթեթը ներառող գերատեսչության ղեկավար՝ անձամբ շահագրգռված է խորացնել հայ-իրանական դարավոր բարեկամական կապն ու տարբեր ոլորտներում հաստատված հարաբերությունների դրական ավանդույթները։ «Հայաստանն ու Իրանը հաջողությամբ համագործակցում են էներգետիկ ենթակառուցվածքների և մի շարք այլ ուղղություններով զարգացման ծրագրերի շրջանակներում, այդուհանդերձ, մենք խնդիր ենք դրել երկկողմ տնտեսական շփումների մակարդակը համահունչ դարձնել պետությունների միջև առկա բարձ քաղաքական երկխոսության նշաձողին»,- ասել է նախարար Պապիկյանը և հավելել, որ իր պարտքն է համարում սեփական նպաստը բերել հարաբերությունների սերտացման և տեսանելի ապագայի ձևավորման այդ կարևորագույն գործում։

ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը նկատել է, որ իր համար պատիվ է ևս մեկ անգամ գտնվել Հայաստանում և գործընկերոջ հետ քննարկել փոխգործակցության հեռանկարները։ «ՏԿԵ նախարարությունն իր մեջ է ամփոփում հայ-իրանական ռազմավարական համագործակցության կարևորագույն ոլորտներ, ինչը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել առկա հարաբերություններն ու դրանք տեղափոխել որակական նոր մակարդակ»,- ընդգծել է նախարար Արդաքանիանը։

Նախարար Պապիկյանն իր հերթին լրացրել է․ «Հայաստանի համար պատիվ է ի դեմս Իրանի ունենալ կայուն ու կանխատեսելի հարևան և վերջինիս հետ համատեղ ներգրավված լինել տարածաշրջանային զարգացման ծրագրերում։ Մենք հավակնում ենք կապող օղակ հանդիսանալ մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս կողմից՝ ԵԱՏՄ գործընկերների և, իհարկե, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ»,- ամփոփել է նախարարը և արձանագրել, որ Հայաստանը հետաքրքրված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում առկա և դեռևս չիրացված համագործակցության ներուժը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջգերատեսչական համագործակցության օրակարգային այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարությունը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը, Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում