Հասարակական

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ

3 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը  հանդիպել է ԱԷՄ գործակալության գլխավոր  տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում սեպտեմբերի 16-20-ը անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են գործակալության հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր։

«Որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր՝ մենք կարևորում ենք կազմակերպության հետ համագործակցությունը և մեր գոհունակությունն ենք հայտնում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Կորնել Ֆերուտան իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանի հետ փոխգործակցությունը կլինի շարունակական՝ պատրաստակամություն հայտնելով փորձագիտական և տեխնիկական համապարփակ աջակցություն ցուցաբերել Հայաստանի միջուկային էներգետիկայի բնագավառին։ ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատարի խոսքերով՝ գործակալությունն իր բոլոր ջանքերը կներդնի կազմակերպության անդամ երկրներում վերջիններիս կողմից ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ։

Նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Կորնել Ֆերուտան այցելել է նաև Հայաստանի տաղավար և ծանոթացել «Հայատոմ» ինստիտուտի մշակումներին։

Համաժողովի շրջանակներում նախարար Պապիկյանը հանդիպում է ունեցել նաև Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ։

Նախարարը բարձր է գնահատել ՄԶՀՓԱՊ (CTBTO) դերը և ջանքերը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման գործում և վստահեցրել, որ Հայաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի և դրա հովանու տակ գործող աշխատանքային խմբերի հետ փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ:

Լ. Զերբոն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԶՀՓԱՊ-ի ներքո իրականացվող տենիկական և քաղաքական ծրագրերին։ Հաշվի առնելով, որ գործադիր քարտուղարը հանդիսանում է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի թեկնածու, նախարար Պապիկյանը հաջողություն է մաղթել նրան գալիք ընտրություններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում