Էրեբունի ամրոցի տարածքում նոր տաճարի հիմքեր և խճանկարներ են հայտնաբերվել 

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական արշավախմբի համատեղ իրականացրած պեղումների արդյունքում Էրեբունու պատմահնագիտական արգելոցում բացահայտվել են նոր տաճարի հիմքեր, որի հետ տաճարների թիվը հասնում է երեքի և հնարավոր է դարձնում այն որակել «պատմամշակութային համալիր»: Իյուբսաի տաճարի առջև գտնվել է գեղեցիկ խճածածկ գետին, ինչն էլ առիթ է տալիս ենթադրել, որ ուրարտական ժամանակաշրջանում տաճարների առջև ծիսակատարություններ անցկացնելու սովորույթ է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին հայտնեցին հնագիտական արշավախմբի ղեկավարներ, մշակութային ժառանգության պահապան Ստեֆան Դեշամը, Էրեբունի թանգարանի և հնավայրի տնօրեն Միքայել Բադալյանը:

Նրանք լրագրողների, ֆրանսիական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ կարճ ճանաչողական այց կատարեցին պեղումների վայրում, խոսեցին պեղումների արդյունքում ի հայտ եկած նոր տվյալների ու դրանց պատմական նշանակության մասին, այնուհետև թանգարանի շենքում առաջին անգամ ներկայացրին նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ստացված 3D պատկերները:

«Այս պեղումները ոչ միայն Հայաստանի պատմության և հնագիտության, այլև ամբողջ Հին Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրման համար են կարևոր: Պեղումներն ապացուցում են, որ այն, ինչ գիտենք Էրեբունու մասին, պետք է վերարժևորել»,-ասաց Բադալյանը:

Նա ընդգծեց, որ այս տարի բացահայտել են նոր տաճարի հիմքեր, որը մասամբ բացվել էր 2016 թվականին: «Տաճարի առկայությունն ապացուցում է, որ ինչ-որ փուլում, Էրեբունու կրոնական տարածքն ունեցել է երեք տաճար, որոնք գործել են միաժամանակ` Խալդի տաճարը, Իյուբսաի տաճարը և նոր բացահայտված ու հզոր հիմքերով տաճարը: Հետաքրքիր էր նաև Իյուբսաի տաճարի դիմաց գտնված ֆանտաստիկ գեղեցիկ խճաքարերով հատակը: Այն կարող է ուշագրավ լինել ոչ միայն հայաստանցիների, այլև զբոսաշրջիկների համար»,- շեշտեց Էրեբունի թանգարանի և հնավայրի տնօրենը:

Ստեֆան Դեշամի խոսքով` հնավայրում պեղումներ են իրականացվում 1950-60-ական թվականներից: «Որոշ բաներ մասամբ վերականգնվել են 60-ականների վերջին, սակայն մենք որոշեցինք նոր հետազոտություններ անել` գտնելով, որ ամրոցը դեռ նոր բացահայտումների տեղ ունի։ Պեղումները ցույց տվեցին, որ Էրեբունու շնորհիվ կարող ենք վերաիմաստավորել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ժամանակագրական մի քանի փոփոխություններ»,-շեշտեց նա ու հավելեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում հնավայրն ուսումնասիրվել է նորագույն տեխնոլոգիաների միջոցով:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոռ Սարգսյանը, որը նույնպես մասնակցում էր շրջայցին, նշեց, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը Երևանի այցեքարտն է: Նրա խոսքով` այն 2020-ին պետք է դառնա զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Այդ նպատակով քաղաքապետարանը վերակառուցման, հիմնանորոգման նախագծեր է քննարկելու:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը մեծ կարևորություն է տալիս հնագիտության ոլորտում հայերի հետ համագործակցությանը: «Այս պահին Հայաստանում կա հինգ ֆրանսիական հնագիտական խումբ, որոնցից ամենակարևորը Էրեբունի հնավայրում է: Համատեղ աշխատանքները նպաստում են նաև փորձի փոխանակմանը, ամրապնդում են երկու երկրների համագործակցությունը համալսարանական ոլորտում, քանի որ ուսանողներին հնարավորություն է տրվում պրակտիկա անցնել հնավայրերում: Մեր աջակցությամբ երկու հայ ուսանող այժմ պրակտիկա է անցնում Ֆրանսիայում»,-ասաց դեսպանը:

Նա խոստովանեց, որ բազմիցս եղել է հնավայրում: «Դեսպան նշանակվելուց երկու շաբաթ հետո եկել եմ այստեղ, քանի որ ուզում էի տեսնել այն տարածքը, որի անունով կոչվում է Երևանը»,-եզրափակեց Լաքոթը:

Հայկական և ֆրանսիական արշավախմբերը Էրեբունի ամրոցի տարածքում համատեղ պեղումներ են իրականացնում 2008 թվականից: Համագործակցությունն իրականացվում է Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանի քաղաքապետարանի, Էրեբունի թանգարանի, Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ:

Հայերեն English Русский

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները