Անպտղություն ունեցող զույգերը կստանան անվճար բուժում. ովքեր կարող են օգտվել ծրագրից

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անպտղություն ունեցող, հատուկ պահանջների բավարարող զույգերը սեպտեմբերի 9-ից կարող են ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական վարչության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

«Անպտուղության բարձր՝ 14.8 տոկոս մակարդակ կա Հայաստանում, դրանցից 4.3 տոկոսն առաջնային է, 10.6 տոկոսը` երկրորդային: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ եթե երկրում կա անպտղության 15 և ավելի տոկոս, ապա ճգնաժամային մակարդակ է, քանի որ դա ազդում է ծնելիության վրա: Ելնելով սրանից մենք շատ կարևորեցինք այս ծրագիրը, և ի ուրախություն մեզ պետությունն առաջին անգամ թույլատրեց ծրագիրն իրականացնել: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի շրջանակներում իրականացվելու են բուժօգնության հետևյալ տեսակները` անպտղության պատճառների հետազոտում և բուժում, մինչ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների իրականացումը, պարտադիր հետազոտությունների իրականացում, ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորումը` առավելագույնը 6 փորձ, արտամարմնային բեղմնավորման 1 փորձ, և հավելյալ սաղմեր ստանալու դեպքում արգանդի խոռոչ երկրորդ և երրորդ տեղադրումները նույնպես կկատարվի անվճար: Եթե ամուսնական զույգն ուզում է երկրորդ փորձը, ապա պետությունը այդ ծախսը կարող է փոխհատուցել 50 տոկոսով»,-ներկայացրեց Ավագյանը:

Միևնույն ամուսնական զույգի բուժօգնության բոլոր տեսակներից կարող է օգտվել, եթե կա ցուցում:

Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջիջների և դոնորական սերմնաբջիջների ծախսերը, դրանք կատարում է շահառուն:

Ծրագրի շահառու դառնալու համար անձը պետք է պատկանի որոշակի խմբի՝ ամուսինը կամ կինը պետք է լինի զինծառայող կամ զինծառայողին հավասարեցված անձ, ռազմական գործողությունների ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված որդու ծնողներ, անապահովության համակարգում ներառված` 30.01 և ավելի միավոր ունեցող ընտանիքներ, ամուսիններից մեկի մոտ հաշմանդամության առկայություն և սոցիալական հատուկ աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգեր:

Ավագյանի խոսքով՝ ծրագրից կարող են օգտվել բացառապես երկու և ավելի տարվա անպտղություն ունեցող անզավակ զույգերը:

Միաժամանակ զույգերը պետք է բավարարեն նաև լրացուցիչ պահանջների`ամուսինները կամ ամուսիններից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և ամուսնությունը գրանցված լինի օրենսդրությամբ սահմանված կարգով: Կինը պետք է լինի 20-35 (ներառյալ) տարիքային խմբում (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը:

Ավագյանը պատճառաբանեց, թե ինչու է դրվել տարիքային սահմանափակում: «Ընտրված է 20-35 տարեկանը, քանի որ 35-ից հետո խիստ ընկնում է պտղաբերության ինդեքսը: Պետությունը չի կարող ծախսեր անել` իմանալով, որ արդյունքը փոքր է»,-նշեց նա:

Ծրագրի շահառու դառնալու համար անձը պետք է ընտրի վերարտադրողական տեխնոլոգիաներ տրամադրող Երևանում գործող 5 կազմակերպություններից որևէ մեկը` Շենգավիթ, Աստղիկ ԲԿ-ներ, Ֆերթիլիթի կենտրոն, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն (Մարգարյան ծծնդատուն) և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձական գինեկոլոգիային հանրապետական ինստիտուտ(Հանրապետական ծննդատուն), դիմի այդ կազմակերպություններին, ներկայացնի պահանջվող փաստաթղթերը:

Այդ հինգ բուժհաստատություններում արդեն կազմավորված են հանձնաժողովներ, փաստաթղթերը պետք է ներկայացվեն հանձնաժողովին: Պետք է ներկայացվի դիմում, կնոջ և ամուսնու անձնագրերը, ամուսնության վկայականը, կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Ավագյանը վստահեցրեց՝ դիմումը ստանալուց հետո լինելու է հերթագրում ընդհանուր էլեկտրոնային համակարգում, որ հերթն առաջ տալու հնարավորություն, սուբյեկտիվ գործոն չլինի: Այդ կենտրոններում աշխատող բժշկի ընտրությունը ևս ազատ է:

Ավագյանը հիշեցրեց՝ պետությունը կարող է փոխհատուցել միայն անպտղության վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիայի պրոցեսի համար:Պետությունը չի կարող փոխհատուցել դոնորական ձվաբջջի, փոխնակ մոր համար:

Ծրագիրն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 7-ից, սակայն քանի որ օրը շաբաթ է, ապա գործելու է երկուշաբթի օրվանից՝ սեպտեմբերի 9-ից:

Ծրագրի իրագործման համար հատկացվել է 210 մլն դրամ: Թե մեկ շահառուի վրա որքան կծախսվի, դեռ դժվար է ասել: «Մոտ 300 շահառու կարող են ներգրավվել: Եվ մենք հույս ունենք, որ հաջորդ տարի մեր բյուջեն պետք է ավելանա, և մենք շահառուների ցանկն ավելացնենք»,-ասաց Ավագյանը:

Գումարը պետք է բաշխվի բուհաստատութունների միջև` ըստ կատարողականի:

Վարչության պետի հավաստիացմամբ՝ կառավարությունը շատ կարևորում է առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացումը: «Սա լուրջ պոտենցիալ է: Մենք պետք է օգնենք այն մարդկանց, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, սակայն չի ստացվում: Իհարկե իդեալական կլիներ, որ կարողանայինք օգնել անպտղություն ունեցող բոլոր զույգերին, սակայն կա ֆինանսական միջոցների սղություն»,-ասաց Ավագյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը