Հասարակական

Մարտի 1-2-ի իրադարձություններից տուժածներին աջակցություն տրամադրելու համար հատկացվեց 720 մլն դրամ

4 րոպեի ընթերցում

Մարտի 1-2-ի իրադարձություններից տուժածներին աջակցություն տրամադրելու համար հատկացվեց 720 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց և մահացածների ընտանիքներին աջակցության տրամադրման նպատակով պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարությանըկհատկացնի 720 մլն դրամ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս որոշումը պայմանավորված է սույն թվականի հունիսի 4-ին ընդունված «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով և դրանից բխող՝ օգոստոսի 8-ին ընդունված «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության թիվ 990 որոշման 3-րդ կետով:

Ըստ նախարարի՝ այդ իրադարձությունների ժամանակ մահացած անձանց իրավահաջորդներին կհատկացվի 30 մլն դրամ, ծանր մարմնական վնասվածք ստացածներին՝ 15 մլն դրամ, միջին ծանրության վնասվածք ստացածներին՝ 5 մլն դրամ:

Հաշվարկվել է, որ աջակցություն կտրվի 10 զոհերի հարազատներին, 10 ծանր վնասվածք ստացած տուժածներին և 54 միջին ծանրության վնասվածք ստացածներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ աջակցություն: «Իմ դիրքորոշումն այն է, որ հայտնի հանգամանքների բերումով մենք փոխհատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած որոշումների հիման վրա: Ինչու եմ ես սա ասում, ես սա հատուկ եմ ընդգծում, քանի որ հայտնի փաստ է, ես ինքս էլ առնչություն ունեմ մարտի 1-2-ի իրադարձություններին, շատ կարևոր է, որպեսզի այս հարցում որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ: Բայց քանի որ մենք չգիտենք, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երբ կկայացնի այս հարցով որոշումներ, և չստացվի այնպես, որ այս պայմաններում մեր կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում մարտի 1-ի զոհերին և տուժածներին աջակցություն ցույց տալու համար, մենք այս որոշումը հիմա կայացնում ենք Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա։ Վերջնարդյունքում հասցված վնասի փոխհատուցման թեման ամբողջությամբ կփակենք ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա: Ես նկատի ունեմ չափը, թե ինչ չափի փոխհատուցում պետք է տանք: Որպեսզի մենք՝ այդ իրադարձությունների մեջ ներգրավված անձինք չորոշեն այդ չափերը, որտեղ կարող են լինել նաև սուբյեկտիվ ընկալումներ, ճիշտ է, որ մենք ազդակը ստանանք ՄԻԵԴ-ից և միջազգային չափանիշներով ընդունված ձևով կայացնենք որոշում: Սա, ըստ էության, միջանկյալ որոշում է, որի հետագա կարգավիճակը նույնպես պարզ կլինի ՄԻԵԴ-ի կողմից ընդունված որոշումների հիման վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Ռուստամ Բադասյանն էլ նկատեց, որ ՄԻԵԴ-ը որոշում կայացնելիս կարող է հաշվի առնել նաեւ ՀՀ կառավարության կայացրած այս որոշումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում