ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ֆրանսիական «Թալես» ընկերության ներկայսցուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն իր ողջույնի խոսքում նշել է.«Բարի գալուստ Հայաստան: Լիահույս ենք, որ այցի ընթացքում կբացահայտեք Հայաստանը: Ներդրողների աջակցման մեր թիմը պատրաստակամ է արձագանքել այն բոլոր հարցերին, որ կծագեն ձեզ մոտ»:
Ընկերության ներկայացուցիչ Պոլ Ռեմին նշել է, որ պատվիրակությունը գույքագրում է Հայաստանում առկա հնարավորությունները` այստեղ գործունեություն ծավալելու և ծրագրեր իրականացնելու նպատակով: Նախատեսվում են հանդիպումներ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև նորարարական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող հայկական ընկերությունների հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր տեխնոլոգիաների վրա հենված տնտեսության խթանումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության շրջանակի վերաբերյալ:
THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և մատուցում ծառայություններ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում: