Հասարակական

Արցախում «Երևանի օրեր»-ի գալահամերգով մեկնարկեց «Մանսուրյան-80» համերգաշարը

3 րոպեի ընթերցում

Արցախում «Երևանի օրեր»-ի գալահամերգով մեկնարկեց «Մանսուրյան-80» համերգաշարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը անցկացվող «Երևանի օրերն» ամփոփվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որով էլ տրվել է «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի մեկնարկը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Յուրաքանչյուր այցելություն Արցախ պատվիրակության ուխտագնացություն է»,- ողջույնի խոսքում նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երևանի մշակույթի օրերի ընթացքում մենք երեկ և այսօր եղանք նաև զորամասերում, սպարապետ Վազգեն Սարգսյանի վաթսունամյա հոբելյանին նվիրված միջոցառում ունեցանք, շփվեցինք մեր այսօրվա խաղաղ երկնքի երաշխավորի՝ մեր զինվորների հետ: Այստեղ, կարծում եմ, մեծ խորհուրդ կա. հայոց զինվորը, զենքով պաշտպանելով իր հողն ու հայրենիքը, պաշտպանում է հազարամյակների մեր գոյության կռվանը՝ հայ մշակույթը: Եվ պատահական չէ նաև, որ Երևանի մշակութային օրերը Ստեփանակերտում ամփոփում ենք մեր ժողովրդի համար մի շատ կարևոր օրվա՝ Արցախի Հանրապետության անկախության տոնի նախօրյակին»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը։

Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:

Ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով է պարգևատրվել նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Վերածննդի հրապարակում կայացած համերգի ընթացքում հնչեց Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ մատուցեց հրապարակում հավաքված հազարավոր ստեփանակերտցիներին ու քաղաքի հյուրերին։ Ի դեպ, համերգաշարն առիթ դարձավ, որ նորովի նոտագրվեն և հրատարակվեն Մաեստրոյի կինոգործերը։

Համերգաշարը կշարունակվի Երևանում և տրամաբանական ավարտին կհասնի մշակութային մայրաքաղաք Գյումրիում՝ սեպտեմբերի 13-ին։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում