ԿԲ-ն առաջարկում է նոր կարգ սահմանել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է դադարեցնել արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքից:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԿԲ-ի հիմնական նպատակն է ՀՀ-ում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը:

«Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության զգայունությունը արտարժույթի փոխարժեքի տատանումների նկատմամբ՝ ֆինանսական կայունության նպատակի ապահովման համար առաջնային նշանակություն ունի Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ արժութային քաղաքականության իրականացումը: Այդ քաղաքականության շրջանակներում Կենտրոնական բանկը սահմանում է շուկայի մասնակիցների լիցենզավորման, ընթացիկ գործունեության կարգավորման և վերահսկողության կանոններ: Արժութային շուկայի կարգավորումները ոչ միայն լիցենզավորված գործունեության համար պարզապես կանոններ են, այլ նաև ապահովում են արժութային շուկաների կայունությունը: ՀՀ կենտրոնական բանկը նշված կանոնակարգումների միջոցով ապահովում է գների ու ֆինանսական կայունության իր հիմնական խնդիրները` զսպելով արժութային շուկայում չարաշահումները և զերծ պահելով ֆինանսական համակարգը արժութային շոկերից: Նման մոտեցումն ուղղված է նախ և առաջ շոկային իրավիճակներում հասարակության լայն զանգվածների շահերի պաշտպանությանը:

Հարկ է նշել, որ նման մոտեցման պարագայում ծառայության հասանելիությունը սպառողների տարբեր խմբերին որևէ կերպ չի սահմանափակվի, քանի որ նշված ծառայությունները մատուցվում են շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից՝ ինչպես մասնաճյուղային լայն ցանցի, այնպես էլ օնլայն ծառայությունների միջոցով»,- նշված է նախագծում:

ԿԲ-ն առաջարկում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 13-րդ ենթակետից հանել «լիցենզավորած արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձինք (արժութայինդիլերներ-բրոքերներ) բառերը: Իսկ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով՝ բացառությամբ ներդրումային ընկերությունների, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով և/կամ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով: Մասնագիտացված անձանց կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործարքների փոխարժեքը և ծավալները սահմանում են մասնագիտացված անձինք»:

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից