Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եվրամիություն փոխհարաբերություններում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հանդեպ Եվրամիության բացասական դիրքորոշումից հետո պաշտոնական Թեհրանը ԵՄ նկատմամբ իր քաղաքականության մեջ որոշակի վերանայումներ իրականացրեց, ինչն Իրանի և «4+1 խմբի» անդամ եվրոպական երկրների միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը մեղմելու հնարավորություն տվեց:

2018թ. ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնությունից միակողմանիորեն դուրս գալուց հետո Եվրամիությունը քաղաքական կոնյունկտուրայից ելնելով Իրանի հետ համագործակցության վերաբերյալ բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը. Որոշ դեպքերում այն ողջունվել է պաշտոնական Թեհրանի կողմից, որոշ դեպքերում ԻԻՀ կողմից այն արժանացել է քննադատության:

Եթե պարզ ձևակերպենք, ապա Եվրամիությունը պատրաստ չէ փոխհատուցել ԱՄՆ-ի գործողություններով պայմանավորված Իրանին հասցված տնտեսական վնասները, բայց մյուս կողմից ԵՄ-ն իր քաղաքական աջակցությունն է հայտնում Թեհրանին՝ դեմ արտահայտվելով ամերիկյան պատժամիջոցներին: Միևնույն ժամանակ Եվրամիությանը խիստ մտահոգում է Իրան-ԱՄՆ հարաբերություններում առաջացած լարվածությունը, որը հնարավոր է սրի մերձավորարևելյան տարածաշրջանում առկա առանց այն էլ չափազանց լարված իրավիճակը:

Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ս.թ. հունիսին Իրան կատարած այցը չբավարարեց Եվրամիության ակնկալիքները, Թեհրանը վերահաստատեց իր այն պնդումը, թե «Եվրամիությունը խոսքից պետք է անցնի գործի»: Սակայն ԻԻՀ ԱԳ նախարարի նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցից հետո ԻԻՀ դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություն նկատվեց: Այս անգամ Իրանի հետ սկսեց բանակցել Ֆրանսիան, որին կարծես թե հաջողվում է արդյունավետ երկխոսություն ձևավորել:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանի և Ֆրանսիայի նախագահների միջև երկու հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այդ ընթացքում ԻԻՀ նախագահի հատուկ բանագնաց, ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչին Փարիզ կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահին է հանձնել Հասան Ռուհանիի ուղերձը:

Օգոստոսի 19-ին Իրանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աբբաս Մուսավին լրագրողների հետ հանդիպմանը, մանրամասներ է ներկայացրել Փարիզի և Թեհրանի միջև ընթացող երկխոսությունից՝ չբացառելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր այցն Իրան:

Ավելին՝ ԻԻՀ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հնարավոր է՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին Մակրոնի հրավերով մասնակցի G7 գագաթնաժողովին:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ամերիկյան պատժամիջոցից հետո այս օրերին այցելել է Սկանդինավյան երկրներ, որտեղ բավական արդյունավետ հանդիպումներ է ունեցել: Զարիֆն առաջիկա օրերին այցելելու է նաև Փարիզ, որտեղ առանձին հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահի և արտգործնախարարի հետ:

Դատելով ֆրանս-իրանական հարաբերություններում վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումներից՝ կարելի է եզրակացնել, որ Փարիզի նախաձեռնած Եվրամիության և Իրանի միջև քաղաքական երկխոսությունը դրական արդյունքներ է տալիս:

Իրանի համար ակնհայտ է, որ Եվրամիությունն այլևս չի կարողանալու ապահովել միջուկային համաձայնության տնտեսական հատվածի իրագործումը, հետևաբար ստեղծված իրավիճակում Թեհրանը փորձում է առավելագույնս օգտվել ԵՄ քաղաքական աջակցությունից՝ հոգևոր առաջնորդի և ԱԳ նախարարի նկատմամբ սահմանված ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում՝ ընդգծելով «Միացյալ Նահանգներն իր քաղաքականությամբ միայնակ է մնացել» իրանական դիվանագիտության առաջ քաշած թեզը:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա վերջինիս համար կարևոր է Մերձավոր Արևելքի համեմատաբար կայունությունը և Սիրիայի շուրջ կանխատեսելի գործընթացները: Այդ համատեքստում Իրանը, դեռ ունենալով ազդեցիկ դերակատարություն, կարող է Եվրամիության շահերին համահունչ քաղաքականություն վարել:

Իրանի դերը հատկապես կարևորվում է այն հանգամանքով, որ սեպտեմբերի 11-ին Սիրիայի հարցով Անկարայում տեղի է ունենալու Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների 5-րդ եռակողմ հանդիպումը, իսկ դրանից հետո նախատեսվում է կրկին Սիրիայի հարցով Թուրքիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների քառակողմ հանդիպումը:

Արմեն Իսրայելյան

Հայերեն

Էդգար Շաթիրյանը հայտարարել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին

Հութիները հայտնել են, որ հակամարտության սրացումից ի վեր  զոհերի թիվը հասել է 276-ի

Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր