Տնտեսություն

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց Կոտայքի մարզի տնտեսական ներուժը

2 րոպեի ընթերցում

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց Կոտայքի մարզի տնտեսական ներուժը

ԾԱՂԿԱՁՈՐ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի»ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում ներկայացրեց մարզի տնտեսական ներուժը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ այս համաժողովում ներկայացվելու է Կոտայքում հաջողության պատմություն գրանցած 10 բիզնես նախագծեր և ևս 25 ներդրումային ծրագրեր տնտեսության ամենատարբեր ոլորտներում, որոնց մեծ մասը իրագործման փուլում են կամ գտնվում են մեկնարկային կետում։

Պետրոսյանը նշեց, որ մարզում կան մի շարք գործող և վերակառուցման ենթակա ջրամբարներ, որոնցից առանցքային են Մարմարիկի և Աղբյուրակի ջրամբարները. միայն Մարմարիկի ջրամբարը ունի շուրջ 24 միլիոն խորանարդ մետր տարողունակություն և գործարկումից ի վեր այս տարի առաջին անգամ այն ամբողջովին ջրալցվել է։

«Մարզում հիմնանորոգման կարիք ունեցող ջրամբարներից են Սևաբերդի ջրամբարը, որի հիմնանորոգման և գործարկման ուղղությամբ այս պահին տարվում են բանակցություններ, ներգրավվելով նաև մասնավոր ներդրողների, այս պահին կառավարության օրակարգում է Եղվարդի ջրամբարի կառուցման առաջնահերթ ծրագիրը, որի նախագիծը համաժողի ընթացքում կներկայացվի»,- ընդգծեց Պետրոսյանը։

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի»ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում կներկայացվեն մարզում գյուղատնտեսության,արդյունաբերության,տուրիզմի ու շատ այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր։ Համաժողովին կներկայացվի նաև մարզի ներդրումային գրավչության մասին ֆիլմի ցուցադրություն։

Ներդրումային-բիզնես համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում գործունեություն իրականացնող գործարարների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում