Հասարակական

Արայիկ Հարությունյանն ամուր հիմք է տեսնում հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման համար

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ամուր հիմք է տեսնում հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպման ընթացքում դեսպան Ուռիոլաբեիտիան ներկայացրել է Հայաստանում իր աշխատանքի արդյունքները կրթության և մշակույթի ոլորտներում, մասնավորապես, Հայաստանի ուսումնական հաստատություններում իսպաներենի դասավանդման ու լեզվի իմացությունը ստուգող միջազգային քննությունների անցկացման, մասնագետների վերապատրաստման և փոխայցերի, գրքերի թարգմանության, Հայաստանում արգենտինական տանգոյի փառատոնի, արգենտինական մշակույթի կենտրոնների ստեղծման և այլ ուղղությունների վերաբերյալ։

Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մեր երկրում դեսպանի կատարած աշխատանքը տպավորիչ է. «Շնորհակալ ենք Ձեր կատարած աշխատանքի համար, վստահ եմ, որ Ձեր շնորհիվ ամուր հիմք ենք ունենալու երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու համար»,-ասել է նախարարը։ Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, ի թիվս երկու երկրների միջև առկա համագործակցության բազմաթիվ ուղղությունների, առանձնացրել է ներառական կրթության ոլորտում արգենտինական փորձի կիրառման հնարավորությունը, ինչպես նաև հայաստանցի երիտասարդների համար Արգենտինայում կրթություն ստանալու կամ աշխատելու նպատակով ծրագրերի իրականացումը։ «Մենք շատ ենք կարևորում մշակույթն ու կրթությունը՝ որպես մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու կարևոր գործիք։ Մենք ունենք այդ գործիքները և կարող ենք շատ ավելին անել»,-նշել է դեսպանը։ Հանդիպման հավարտին դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրել է Երևանում «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»-ի բացման արարողությանը։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում