Հասարակական

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը:

«Դեսպան Սաջջադին, տեղեկացնելով իր պաշտոնավարման քառամյա շրջանի ավարտի և Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնեց անցնող ժամանակահատվածում ՀՀ տարբեր գերատեսչությունների՝ ԻԻՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար:

Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը հազարամյակների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկությունը:

Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ քարտուղար Գրիգորյանը նաև շնորհակալություն հայտնեց դեսպան Սաջջադիին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության տարիների ընթացքում իրականացրած աշխատանքի ու ցուցաբերած նվիրվածության համար և հաջողություն մաղթեց վերջինիս նոր նշանակումներում»,- նշված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում