Հասարակական

«Խաղաղության մարտիկ» մրցույթի լավագույն կին դիպուկահարը Հայաստանից է

2 րոպեի ընթերցում

«Խաղաղության մարտիկ» մրցույթի լավագույն կին դիպուկահարը Հայաստանից է

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի Տավուշի մարզի բարձրլեռնային զորավարժարանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում կայացավ «Դիպուկահար» մրցումը, որին մասնակից տղամարդ և կին զինծառայողները կրակում էին ԱԿ-74 ինքնաձիգով։

Մասնակիցներից յուրաքանչյուրը 100 մ տարածության վրա պառկած, ծնկից և կանգնած դրություններից 3-ական րոպեի ընթացքում 5-ական փամփուշտով պետք է խոցեր երեքական թիրախ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, կանանց մրցապայքարում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը, տղամարդկանց՝ Ռուսաստանի ներկայացուցիչը։

«Խաղաղության մարտիկ» միջազգային բանակային խաղերի հաղթողները և մրցանակակիրների անունները կհայտարարվեն մրցման հանդիսավոր փակմանը։

Մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Մրցումներն անցկացվում օգոստոսի 3-14-ը Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերն են չափում ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում