Հասարակական

Օտարությունից՝ Հայաստան. տղաները վերադարձել են հայրենիքին ծառայելու համար

3 րոպեի ընթերցում

Օտարությունից՝ Հայաստան. տղաները վերադարձել են հայրենիքին ծառայելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված այցի ժամանակ զորամասերում և առաջնագծում լրագրողները ծանոթացան Ռուսաստանից և Ղազախստանից եկած զինծառայողների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի Պերմ քաղաքից ժամանած ռուսախոս Մարտին Եղիազարյանը նշեց, որ մայրը մեծդեր է ունեցել հայրենիքում ծառայելու նրա որոշման մեջ:

«Ես 3 ամսական եմ եղել, երբ տեղափոխվել ենք Ռուսաստանում ապրելու և 18 տարի ապրել եմ այնտեղ: Այժմ եկել եմ այստեղ, որպեսզի իմ հայրենիքում անցնեմ պարտադիր ժամկետային զինծառայության: Արդեն 7 ամիս է ինչ ծառայում եմ, ամեն ինչ լավ ու հարթ է ընթանում: Ճիշտ է, ես հիմնականում ռուսերեն եմ խոսում, բայց ինձ այստեղ ըմբռնումով են մոտենում և փորձում են ամեն կերպ աջակցել»,- նշեց Մարտինը ու հավելեց, որ հայերենով տիրապետում է բոլոր հրահանգներին և հրամաններին:

Նա ընդգծեց, որ ծառայությունը վերջացնելուց հետո վերադառնալու է Ռուսաստան, քանի որ բոլոր բարեկամներն այնտեղ են ապրում:

Մարտինը Պերմում դպրոցից հետո քոլեջում է սովորել՝ փականագործի մասնագիտությամբ:

Մեկ այլ զինծառայող Գոռ Ամիրխանյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքից է եկել հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու:

«16 տարի Ղազախստանում ապրելուց հետո արդեն 1 տարի է, ինչ Հայաստանում եմ ապրում և ծառայությունից հետո էլ շարունակելու եմ ապրել: Պավլոդարում դպրոցն ավարտել եմ, այստեղ ծրագրավորման դասընթացների եմ գնացել ու զորակոչվել եմ բանակ: Արդեն 1 ամիս է, ինչ անցել եմ պարտադիր ժամկետային զինծառայության»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գոռը:

Նրա խոսքով՝ օրը բավականին հագեցած է անցնում, շարային են անում, պատրաստվում են երդման արարողությանը, մարտավարական վարժություններ ենք անում, սովորում ենք մեր պարտականությունները:

Ծառայությունից հետո որոշել է ուժերը փորձել բիզնեսի ոլորտում, սակայն դեռևս հստակ չգիտի, թե որ համալսարան և ինչ ֆակուլտետ կդիմի:

Հանգստի ժամին նորակոչիկները դեռևս փորձում են միմյանց ավելի լավ ճանաչել, զրուցում են տարբեր թեմաների շուրջ: Գոռի խոսքով՝ նաև գրքեր են կարդում, ինչն ինքը շատ է սիրում և այս պահին էլ ապագա մասնագիտությանը վերաբերող՝ բիզնեսի և մարքեթինգի մասին գրքեր է կարդում:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում