Հասարակական

«Կամք»-ի անդամները հրապարակային անձնական վիրավորանք են հասցրել Սոցապ նախարարին 

2 րոպեի ընթերցում

«Կամք»-ի անդամները հրապարակային անձնական վիրավորանք են հասցրել Սոցապ նախարարին 

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարԶարուհի Բաթոյանին անձնական վիրավորանք են հասցրել Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ինքը և Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը երեքուկես ժամ տևած հանդիպման ընթացքում մանրակրկիտ անդրադարձել են ընտանեկան բռնության և կանանց հանդեպ բռնության կանխարգելմանը, համբերատար պատասխանել ներկաների բոլոր հարցերին:

Ըստ նախարարի, սակայն, մասնակիցներից ոմանք ագրեսիվ և անհարգալից վարվեցին ներկաների և կառավարության անդամների նկատմամբ։

«Ինչպես հրավիրող կողմն էր վստահեցնում՝ հանդիպման նպատակը կառուցողական և գաղափարական քննարկման հարթակ ստեղծել էր։ Ցավում եմ, որ ՀԵՀԵՄ-ի անդամները ջերմ հարաբերությունների մեջ են ատելության խոսք տարածող հայտնի «Կամք» նախաձեռնության անդամների հետ և հանդուրժող են նրանց՝ ՀՀ քաղաքացուն և քրիստոնյային անվայել վարքագծի հանդեպ։ Ցավում եմ նաև, որ տեղում քայլեր չձեռնարկվեցին կանխելու նրանց անպարկեշտ պահվածքը, որը հնարավոր էր կանխատեսել։ Ստեղծված իրավիճակը, ի վերջո, բերեց նրան, որ հանդիպման վերջում նրանք հրապարակային անձնական վիրավորանք հասցրեցին ինձ:

Որպես քրիստոնյա՝ ես այլ կերպ եմ պատկերացնում եկեղեցականի և եկեղեցու հետ որևէ կապ ունեցող կառույցի առաքելությունը՝ առանց բռնության, հարգանքի վրա հիմնված միջավայր ապահովելը, բռնությունը ոչ միայն մերժելն ու կանխելը, այլ նաև լայն մեկնաբանությունների հնարավորություն չընձեռող դատապարտումը:

Որպես կառավարության անդամ՝ շարունակելու եմ հավատարիմ մնալ մարդու իրավունքների սկզբունքներին և աջակցելու եմ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ներառյալ այն կանանց, որոնք ենթարկվել են բռնության»,- գրել է Բաթոյանը:

Նախարարը պատրաստվում է օգտվել սահմանադրական երաշխիքներից՝ պաշտպանելու իր արժանապատվությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում