ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Սոմերսեթի կոմսության Փորթիշեդ քաղաքի բնակչին բանտախուց են նստեցրել 50 րոպեով: Independent -ի տվյալներով՝ նրա բանտարկության ժամկետը դարձել Է ամենակարճատեւը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայիսի 30-ին 23-ամյա Շեյն Ջենքինսն ընդհարվել Է նախկին սիրուհու հետ, դուրս Է վազել տնից եւ սպառնացել աղյուսով ջարդել լուսամուտը: Այնուհետեւ նա վերադարձել Է եւ լուսամուտի ապակին ջարդել ավելով: Ոստիկանները ժամանել են պատահարի վայր, սակայն Ջենքինսը նրանց հակահարված Է տվել ու փախել: Դատարանում նա իրեն մեղավոր Է ճանաչել ունեցվածքին վնաս հասցնելու, երկու ոստիկանների վրա հարձակվելու եւ ձերբակալումից խուսափելու մեջ: Դատավորն ամբաստանյալին 50 րոպե նստեցրել Է բանտախցում եւ հարկադրել, որ բացատրագիր գրի: Դրանից հետո Շեյնը վերադարձել Է դատարանի դահլիճ եւ ընթերցել երկու նամակ: Բացատրության մեջ Ջենքինսը ներողություն Է խնդրել աղջկանից, որ ջարդել Է նրա լուսամուտը. «Դա հիմար արարք Էր, չգիտեմ, թե ինչ Էի մտածում: Հուսով եմ՝ դու կկարողանաս ինձ ներել»: Երկրորդ նամակում նա զղջացել Է ոստիկանների վրա հաձակվելու համար: «Ես մի քիչ բորբոքված Էի,- խոստովանել Է նա:- Չեմ ցանկացել վնաս պատճառել»:
Ի վերջո Ջենքինսին դատապարտել են 80 ժամ չվճարվող ուղղիչ աշխատանքների, ինչպես նաեւ քառամսյա բանտարկության՝ երկու տարվա հետաձգմամբ: