Հարյուրավոր սփյուռքահայ պատանիներ կհարստացնեն Հայաստանի մասին գիտելիքները «Քայլ դեպի տուն» ծրագրով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում, որն անցկացվելու է հուլիսի 1-ից օգոստոսի 25-ը, աշխարհի տարբեր ծայրերից` Ֆրանսիայից, Բրազիլիայից, Շվեյցարիայից, Կիպրոսից, Իրանից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից Հայաստան եկած պատանիներն ապրելու են Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը և հնարավորություն են ունենալու կատարելագործել մայրենիի իմացությունը` հայոց լեզվի արագացված դասընթացների միջոցով:

Նրանք ճանաչելու են Հայաստանն ու հայերին` այցելելով պատմական հայրենիքի պատմամշակութային հուշարձաններ, հանդիպելով մշակույթի և այլ ոլորտների հետաքրքիր ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 29-ին Ծաղկաձորում:

«Մասնակիցներին սպասում է հյուրընկալ հայրենիքը: Իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, կազմակերպվելու են ծանոթություններ Հայաստանում և սփյուռքում ապրող հայրենակիցների հետ: Նախատեսվում են ճանաչողական այցեր պետական և մասնավոր կրթական հաստատություններ»,- նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա ընդգծեց, որ իրենց առաջնային նպատակը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն է:

Ծրագրի գործընկեր «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի խոսքով` իրենք հետաքրքիր կրթական ծրագրեր են մշակել, հաշվի են առել մասնակիցների տարիքը, հայոց լեզվի իմացության մակարդակն ու, ըստ դրա, նրանց բաժանել խմբերի: «Դասերը ստեղծագործական մթնոլորտում են անցնում և արվում է ամենը, որ երեխաները չձանձրանան ու սիրով սովորեն»,- նշեց նա ու հավելեց, որ պատանիները դասերի ընթացքում շատ են մտերմանում ուսուցիչների հետ ու կապը չեն խզում ծրագրի ավարտից հետո:

Մոսկվայից 14-ամյա Սուսաննան ասաց, որ նախկինում եղել է հայրենիքում: «Ծրագրի ընթացքում շատ եմ ուզում նոր վայրեր բացահայտել, ծանոթանալ Հայաստանի բնաշխարհին, մշակույթին, պատմությանը: Ինձ հատկապես հետաքրքիր են տեղի թանգարանները, որոնցում դեռ չեմ եղել: Շատ ոգևորված եմ, որ հայոց լեզու ենք սովորելու: Խոսել գիտեմ, բայց ցանկանում եմ նաև գրել ու կարդալ իմանալ»,- խոստովանեց Սուսաննան:

Մեկ այլ 14-ամյա մասնակից Մելինեն շեշտեց, որ սիրում է ճանապարհորդել ու վաղուց էր ուզում լինել Հայաստանում, նոր ընկերներ ձեռք բերել: «Շատ կցանկանամ այցելել Դսեղ` Հովհաննես Թումանյանի ծննդավայր, քանի որ նրա հեքիաթների գիրքն ունեմ: Կարևորում եմ նաև հայոց լեզվի դասընթացներին մասնակցելը, որովհետև կարողանում եմ գրել ու կարդալ, բայց հետաքրքիր է ավելին իմանալ»,- նկատեց մասնակիցը:

Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլին մասնակցելու է 209, իսկ երկրորդ փուլին՝ 190 պատանի՝ 3 տասնյակ երկրից: Նախաձեռնության բոլոր ծախսերը հոգալու է ՀՀ կառավարությունը:

«Քայլ դեպի տուն»-ն իրականացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին